Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուլուզում՝ Airbus-ի հավաքման արտադրամասում, հայտարարել է, որ պետությունը 350 միլիոն եվրո կհատկացնի քաղաքացիական ավիացիայի հետազոտություններին։ Գումարը կուղղվի ոլորտի հետազոտական խորհրդի ծրագրերին։ Այցի ընթացքում Մակրոնին ցույց են տվել նաև A380 փորձնական ինքնաթիռի մանրակերտը․ այդ ինքնաթիռով նախատեսվում է փորձարկել նոր սերնդի շարժիչներ։
Գործարանի աշխատակիցների առաջ Մակրոնը խոսել է նաև պատվերների և արտադրության տեմպի միջև առկա տարբերության մասին։ Ֆրանսիայի նախագահը Airbus-ին կոչ է արել արագացնել արտադրությունը՝ հիշեցնելով աճող մրցակցության, մասնավորապես՝ Չինաստանի մասին։ Ընկերության նպատակն է 2027-ի վերջին կամ 2028-ի սկզբին ամսական արտադրել A320 ընտանիքի 75 օդանավ։








