Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը չի ձգտում գերիշխանության կամ տարածքային ընդարձակման։ Նրա խոսքով՝ Փհենյանը պատրաստ է զարգացնել հարաբերություններն այն պետությունների հետ, որոնք հարգում են Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունը։
Հայտարարությունը հնչել է նոյեմբերի 22-ին՝ տասը երկրների նորանշանակ դեսպանների հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ։ Նրանց թվում էին Ռուսաստանի, Շվեդիայի, Հնդկաստանի և Բրազիլիայի ներկայացուցիչները։ Կիմ Չեն Ընը միաժամանակ շեշտել է երկրի անվտանգության և զարգացման իրավունքի պաշտպանությունը։
Նրա խոսքերը հրապարակվել են նոյեմբերի 23-ին։ Արարողությունը հաջորդել է սահմանադրական փոփոխությանը, որով դեսպանների հավատարմագրերն ընդունելու իրավունքը փոխանցվել էր անձամբ պետության ղեկավարին։








