Իրանը պատրաստ է վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը կատարի Թեհրանի ներկայացրած յոթ պայմանները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «Իրան» թերթին տված հարցազրույցում նշել է դրանցից մեկը՝ Վաշինգտոնը պետք է վերացնի Իրանի նկատմամբ սահմանած նոր պատժամիջոցները։
Նախարարի խոսքով՝ ամերիկյան կողմը դեռ չի պատասխանել երկօրյա ծրագրին։ Թեհրանի առաջարկով՝ առաջին օրը ԱՄՆ-ը կկատարի իր պարտավորությունները, իսկ երկրորդ օրը Իրանը կվերաբացի նեղուցը։ Նույն օրը երկու երկրները կսկսեն բանակցել երկարաժամկետ համաձայնագրի շուրջ։ Ի սկզբանե Թեհրանն առաջարկել էր նեղուցը բացել վեցերորդ օրը և բանակցությունները սկսել յոթերորդ օրը։ Միջնորդների առաջարկով այդ ժամկետը կրճատվել է մինչև երկու օր։
Կատարն ու Պակիստանը շարունակում են ուղերձներ փոխանցել Թեհրանի և Վաշինգտոնի միջև։ Արաղչիի խոսքով՝ Իրանը սպասում է, որ ԱՄՆ-ը բացահայտ կհայտնի համաձայնության հասնելու իր պատրաստակամության մասին և քայլեր կձեռնարկի վստահությունը վերականգնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ Իրանի առաջարկած պայմաններն իր համար ընդունելի չեն։








