Էբոլա վիրուսի հազվադեպ հանդիպող Բունդիբուջիո (Bundibugyo) շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութեր։ Նախագծերն իրականացնում է ամերիկյան «IAVI» ոչ առևտրային կազմակերպությունը։
Ամենահեռանկարայինը համարվում է «IAVI»-ի պատվաստանյութը, որը ստեղծվել է Էբոլայի զաիրյան շտամի դեմ գործող պատվաստանյութի հիման վրա։ Կապիկների վրա իրականացված փորձարկումների ընթացքում այն ապահովել է 100-տոկոսանոց պաշտպանություն վարակից։
Մշակողների գնահատմամբ՝ մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումները կարող են սկսվել առաջիկա 7-9 ամիսների ընթացքում, թեև հետազոտողները փորձում են արագացնել գործընթացը։ «IAVI»-ի պատվաստանյութը հիմնված է անվտանգ վիրուս-կրիչի վրա, որի մեջ ներդրված են Էբոլա վիրուսի սպիտակուցներ։ Սա թույլ է տալիս իմունային համակարգին ճանաչել և պայքարել վիրուսի դեմ՝ առանց վարակվելու վտանգի։
Մասնագետները նշում են, որ Էբոլա վիրուսի բոլոր տեսակների դեմ համընդհանուր պատվաստանյութ դեռևս գոյություն չունի։ Գիտությանը հայտնի է վիրուսի վեց տեսակ, որոնցից միայն երեքն են մարդկանց շրջանում հիվանդության բռնկումներ առաջացնում, ուստի յուրաքանչյուրի դեմ անհրաժեշտ է առանձին պատվաստանյութ։








