Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Քիչ առաջ Յութուբում աչքիս ընկավ մի գեղեցիկ տեսահոլովակ՝ «Արցախի ժառանգության կանչը. Դիզակի Մելիք Եգանի ապարանք» վերնագրով (տեղադրվել է երեկ՝ յութուբյան «ԲԵՎԵՌ / BEVER» ալիքում)։
Հաղորդումը ներկայացնում է, մասնավորապես, 1720-ական թվականների պատմությունից մի ուշագրավ դրվագ՝ օսմանյան զորքի ոչնչացումը Արցախում։
Ցավոք, պատմական փաստերը, վերցված լինելով հնացած գրականությունից (հիմնականում Րաֆֆու «Խամսայի մելիքություններ»-ից), սխալ են ներկայացված։ Պատմական թեմաներով չստուգված կամ հնացած հաղորդումները, ի դեպ, տարածում են գտել նաև այլ յութուբյան ալիքներում։ Իրականում Արցախում կազմավորված հայոց զորքի այդ խոշոր հատուկ ռազմագործողությունը տեղի է ունեցել ոչ թե 1733, այլ 1725 թ. մարտի 3-ին՝ Վարանդայի միաժամանակ 33 գյուղերում։ Այն ծրագրվել և իրականացվել է ոչ թե Դիզակի մելիք Եգանի, այլ Ավան-յուզբաշու ընդհանուր ղեկավարությամբ։
Վարանդա մտած օսմանյան 4700-հոգանոց հեծյալ կորպուսն ամբողջությամբ ոչնչացվել է․ մոտ 150 հոգի է միայն կարողացել ճողոպրել։ Օսմանցի երեք հրամանատարներից երկուսը սպանվել են, երրորդը՝ Սալահ փաշան, գերի է վերցվել և հարցաքննվել։ Այդ նշանավոր իրադարձությունը մանրամասն քննված է իմ հետևյալ մենագրության մեջ (դրանից առաջ՝ ռուսերեն առանձին հոդվածում)՝ ՀԱՅՈՑ ԶՈՐՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ 1722–1735 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ. ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ԶԻՆՈՒՄԸ ԵՎ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԸ / Ա. Այվազյան. – Եր., 2025, էջ 214–226։
Ստորև ներկայացնում եմ որոշ հատվածներ այդ ռազմագործողությանը նվիրված բաժնից.
----------------------------------------------------------
ՀԱՎԵԼՎԱԾ Բ. 1725 թ. մարտի 1–3-ի հատուկ ռազմագործողությունը և նրա նշանաբանը
1725 թ. մարտի 1–3-ին Ղարաբաղում հայոց զինուժի և նրա ղեկավարության իրականացրած եռօրյա հատուկ ռազմագործողության արդյունքում Վարանդայում թշնամուց առգրավվել են մեծ քանակությամբ զենք, զինամթերք, մարտական երիվարներ, գրաստներ և այլ պատերազմական պարագաներ, որոնք մասնակիորեն լուծել են Արցախում հայ մարտիկների սպառազինվածության խնդիրը։ Այս ռազմագործողությունն արդեն մանրամասն վերլուծվել է մեր նախորդ ուսումնասիրություններում, որոնք այստեղ լրացվում և ամփոփվում են։
Նախ, կարճորեն վերհիշենք այս նշանակալից պատմական իրադարձությունը։ 1725 թ. մարտի 3-ին Վարանդայում ոչնչացվել է օսմանյան 4700-հոգանոց մի ամբողջ հեծյալ զորամիավորում («հեծեալ սայ ղօշուն»)։ Սկզբում հայերն առերևույթ հոժարակամ դիմավորել ու հյուրընկալել են օսմանցիներին («յառաջ գնացինք ղօնաղ արինք»), ապա, ինչ-պես վկայում է սկզբնաղբյուրը, նրանց ցրել են Վարանդայի գյուղերից 33-ում՝ յուրաքանչյուրում բնակեցնելով «200, 300, 400 կամ 500» ասկյար։ Երկու օր անց՝ մարտի 3-ին, հայկական զորքը հանկարծակի հարձակմամբ գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է թշնամու զորաբանակը։ Ճողոպրել է ընդամենը 150 ասկյար (ըստ ամենայնի՝ մեկ ստորաբաժանում), մնացածները սպանվել են, ներառյալ նրանց երեք գլխավոր հրամանատարներից երկուսը՝ Շահին և Ալի փաշաները։ Երրորդը՝ Սալահ փաշան , գերվել և հարցաքննվել է։
Ո՞վ էր այն հայ զորավարը, որի ընդհանուր ղեկավարությամբ ծրագրվեց և իրագործվեց օսմանյան զորաբանակի ջարդը։ 1725 թ. մարտի 10-ին Գանձասարում գրված երկու նամակներում (մեկը՝ Պետրոս Ա կայսրին, մյուսը՝ Վախթանգ Զ-ին և նրա որդի Շահնավազ խանին) այս խոշորագույն հատուկ ռազմագործողության պատասխանատվությունը միասնաբար իրենց վրա են վերցրել ինչպես շիրվանցի զորագլուխները՝ Ավան, Թարխան, Սարգիս, Օհան («Յոհան»), Աբրահամ, Աբով, Բաղդասար (Պաղտասար), Կարապետ, Բաղի (Պաղի) յուզբաշիները, այնպես էլ Վարանդայի մելիք Բաղերը։
Այնուամենայնիվ, պարզ է, որ ընդհանուր հրամանատարությունը և հիմնական դերակատարումը պատկանել են ռազմական առումով շատ ավելի հմուտ և փորձառու «շիրվանցի տղերքին» ու նրանց բազմաքանակ և լավ պատ-րաստված զորագնդերին, այլ ոչ թե Վարանդայի մելիք Բաղերին ու նրա, ժամանակակիցների վկայությամբ՝ փոքրաթիվ զորքին։ Ավելին, վավերագրերից մեկում Ավան-յուզբաշին, նույն ինքը՝ Ավան-խանը («Аванан-Хан»), նշված է որպես այս ռազմագործողության գլխավոր հրամանատար։ Այս կապակցությամբ հարկ է հիշել, որ Ավան-յուզբաշին 1722–1723 թթ. ի վեր հաստատվել էր Շուշիի բերդում՝ դարձնելով այն իր հիմնական նստավայրը, իսկ միայն Շոշի (Շուշիի) սղնախում նրա հրամանատարության տակ գործող մարտիկների թիվը դեռ 1724 թ. սկզբին կազմում էր 6900 հոգի։
Ռազմագործողության իրականացումը պահանջում էր միաժամանակ մի քանի բարդ առաջադրանքների անթերի կատարում, մասնավորապես՝
1. բթացնել թուրքական հրամանատարության և զորքի զգոնությունը՝ հյուրընկալ ձևանալով,
2. պահպանել բացարձակ գաղտնիություն ինչպես հայ մարտիկների, այնպես էլ բոլոր 33 հայկական գյուղերի բնակչության շրջանում. անկասկած, մինչև վերջին պահը ռազմագործողության ժամկետին ու մանրամասներին տեղյակ են եղել միայն շատ քիչ թվով հրամանատարներ,
3. նախապես մանրակրկիտ պլանավորել թուրքական առնվազն 33 առանձին ստորաբաժանումների դեմ նույնքան կամ ավելի թվով հայկական ջոկատների գաղտնի տեղակայման ժամանակն ու վայրերը՝ ընդսմին հաշվի առնելով նրանց գրոհի տարանջատված բնագծերը (այսինքն՝ 33 գյուղերից մի քանիսում թուրքական ստորաբաժանումները կարող էին տեղակայված լինել միմյանցից հեռու մի քանի վայրերում, ինչը, իր հերթին, պահանջում էր դրանց դեմ գործող հայկական զորաջոկատների համապատասխան բաժանում),
4. լեռնային տեղանքի և ուժեղ ցրվածության պայմաններում ապահովել հայկական ջոկատների միջև հուսալի կապն ու արդյունավետ փոխգործակցությունը,
5. հայ հրամանատարներն ու մարտիկները պետք է ճշգրիտ կատարեին իրենց հանձնարարված առաջադրանքները՝ արագ արձագանքելով չնախատեսված իրավիճակներին, որոնք, անկասկած, առաջանալու էին օսմանյան զորքի վրա հարձակման պահից մինչև մարտերի ավարտը։
Ինչպես վերը նշվեց, դեռևս 1724 թ. հունվարի 12-ին Շոշի սղնախի զորահրամանատարները՝ Ավան և Միրզա յուզբաշիների գլխավորությամբ, ռուսաց ցարին տեղեկացնում էին, որ իրենց զորքն այդ պահին բաղկացած էր 6900 մարտիկներից, որոնցից 500-ը հրացանակիրներ էին, իսկ 6400-ը՝ վատ զինված մարտիկներ։ 1725 թ. մարտին զինվածության վիճակը պետք է զգալիորեն բարելավված լիներ, քանի որ Սղնախների ղեկավարները այդ ուղղությամբ նպատակասլաց ու հետևողական աշխատանք էին տանում։ Շոշի սղնախի 6900 մարտիկները, բնականաբար, մասնակցել են այդ ռազմագործողությանը։ Անկասկած, նրանց աջակցել են նաև Շիրվանցիների իշխանապետության բաղկացուցիչ մաս կազ-մող Խաչենում տեղակայված զորաջոկատները, որոնք գտնվում էին Ավան-յուզբաշու ընդհանուր հրամանատարու-թյան ներքո։
33 օսմանյան ստորաբաժանումների վրա հայոց այդ հարձակումը պետք է իրագործվեր միաժամանակ, որպեսզի բոլորին անակնկալի բերեր և չթողներ օսմանցիներին որևէ կետում արդյունավետ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու հնարավորություն։ Իսկ նման համաժամանակյա հարձակումների շարք իրականացնելու համար պահանջվում էր հայկական գերակշիռ կամ առնվազն նույնաքանակ ուժերի կենտրոնացում։
Գիշերային նույն պահին հայերի տներում ցրված 4700 օսմանցի զինվորին ի զորու էին ոչնչացնել ոչ պակաս, քան 4700 պատրաստված հայ զինյալ, նույնիսկ եթե ընդունենք, որ ասկյարները բաշխվել էին ընդամենը 2–3 կամ 4–5 հոգով յուրաքանչյուր տան մեջ։ Սակայն, երբ հարցը դիտարկում ենք ռազմական գործի պահանջների և կանոնների տեսանկյունից, ռազմագործողության ընթացքն ավելի հստակ է ուրվագծվում։ Նախևառաջ, օսմանյան հրամանատարությունը՝ քաջատեղյակ լինելով Արցախում առկա հայոց բազմաքանակ զինուժի մասին, 33 գյուղերից յուրաքանչյուրում տեղակայելու էր պահակակետեր ու պահակախմբեր՝ նրանցից նշանակելով գիշերային ժամապահներ։ Իսկ հրամանատարների ու նրանց թիկնազորի, ինչպես նաև ընտիր ստորաբաժանումների համար, անկասկած, հատկացվելու էին գյուղի ամենամեծ առանձնատները, որոնց շուրջ ևս սահմանվելու էր պարեկություն։ Շատ տներում ասկյարների թիվը կազմելու էր շուրջ մեկ տասնյակ կամ ավելին։
Բացի այդ, քանի որ Վարանդայում տեղակայված 4700 ասկյարները հեծյալներ էին, նրանցից շատերը մշտապես պետք է հետևեին, խնամեին և հսկեին իրենց ավելի քան 5000 (հնարավոր է՝ մինչև 7-8 հազար) մարտական երիվարներին, ինչպես նաև գումակի գրաստներին՝ ջորիներին, ուղտերին, ավանակներին և սայլերին լծված եզներին։ Պետք է ընդգծել, որ օսմանյան բանակում ձիերին առանձնահատուկ հոգատարությամբ էին վերաբերվում՝ օրական մի քանի անգամ խնամելով, և երբեք որպես գրաստ չէին օգտագործում։
Օսմանյան զորքը իր հետ Վարանդա բերել էր 200 հայ գերի, ովքեր, բնականաբար, գտնվել են առանձին պահակախմբի մշտական հսկողության ներքո։ Ասվածից պարզ է, որ օսմանյան զորքի մի մասը մշտապես արթուն և զգոն վիճակում է եղել (իսկ թուրքերին ջարդելուց հետո այդ 200 գերիները ազատ են արձակվել՝ «ԲՃ (200) ավելի քրիստոնյա եսիր կայր, ազատեցինք»)։
Փաստորեն, կայծակնային հարվածով թշնամուն ոչնչացնելու համար օսմանյան 33 ստորաբաժանումներից յուրաքանչյուրի դեմ պետք է իրականացվեր առանձին, նախապես մշակված ռազմագործողություն՝ ելնելով տվյալ գյուղի աշխարհագրական դիրքից, օսմանցիների տեղակայման առանձնահատկություններից, գյուղում առկա ինքնապաշտպանական ջոկատի և նրա անդամների ռազմական պատրաստության, զինվածության ու հատուկ հմտությունների մակարդակից և այլ հանգամանքներից։ Օսմանյան 33 ստորաբաժանման դեմ գործել է առնվազն 33 հայկական զորաջոկատ։ Հայոց զորքը, հիրավի, պետք է ավելի մեծաթիվ լիներ, որպեսզի լեռնային կտրատված տեղանքի և ուժերի խիստ տարակենտրոնացվածության պայմաններում՝ հայկական պահեստային մի քանի արագաշարժ զորաջոկատների միջոցով արգելվեին թշնամու փախուստի ուղիները, իսկ սուրհանդակներն ապահովեին յուրային ջոկատների միջև հուսալի կապն ու արդյունավետ փոխօգնությունը։
Ռազմագործողությունն ունեցել է հատուկ նշանաբան, որը շուրջ յոթ տասնամյակ անց՝ 1790 թ. հունվարի 23-ին, բառացիորեն մեջբերել է Հովսեփ արքեպս. Արղությանը. «Պահպանեք հին սերմերը, որոնք կբուսնեն ամենահուսալի կերպով, և ոչնչացրեք նորերը, որոնք ձեզ պտուղ չեն խոստանում» [«Сохраните старые семена, яко надежнейшие к произращению, и истребите новые, не обещающие вам плодов»]։
Րաֆֆին այս նշանաբանը բացատրելու անհաջող փորձ է կատարել. «Այսինքն՝ խնայել պարսիկներին և կոտորել օսմանցիներին»։ Այսպիսի մեկնությունը սխալ է, քանի որ խոսքը Ղարաբաղ մտած օսմանյան զորամիավորման մասին էր, մինչդեռ այնտեղ պարսկական զորք առհասարակ չկար։ Բացի այդ, նշանաբանը չէր կարող այդքան երկար լինել։ Թվում է, թե այն Հովսեփ Արղությանին հասել է փոքր-ինչ ընդլայնված ու աղճատված վերաշարադրությամբ, այլ ոչ թե իր նախնական ու գործածական՝ մի քանի բառից բաղկացած ձևով։ Հավանական է, որ իրական նշանաբանը եղել է հակիրճ ու հատու, մոտավորապես այսպես՝ «Պահպանեք հին սերմերը, ոչնչացրեք նորերը»։ Այս բառերի իմաստը, թերևս, կարելի է վերծանել հետևյալ կերպ. «Պահպանեք հին սերմերը» արտահայտությունն այլակերպորեն նշանակում էր «պաշտպանեք տեղաբնիկ հայ ժողովրդին», իսկ «ոչնչացրեք նոր սերմերը»՝ «ոչնչացրեք նորելուկ օսմանցի զավթիչներին»։
Հատկանշականն այն է, սակայն, որ նշանաբան, այս կամ այն ձևով, իսկապես եղել է, ինչը լիովին օրինաչափ է նմանօրինակ հատուկ ռազմագործողության դեպքում։ Արժեքավոր է նաև Արղությանին հասած տեղեկությունը, որ այդ փայլուն հաղթանակը ծրագրվել և իրագործվել է հենց Ավան-յուզբաշու գլխավորությամբ։
.............................................
Հ.գ. Քիչ ուշ կտեղադրեմ նաև այդ ռազմագործողությանը նվիրված իմ հեղինակային հաղորդումը, որը հեռարձակվել է Euromedia24-ում 2024 թ. նոյեմբերի 24-ին»։