Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է նոր ավիակրի կառուցման նախագծի վերջնական հաստատման մասին, որը, ինչպես սպասվում է, կփոխարինի «Շառլ դը Գոլ»-ին՝ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի միակ նմանատիպ նավին։
Այս մասին նա հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ռազմաբազայում ֆրանսիացի զինծառայողների առջև ունեցած ելույթի ժամանակ։ «Գիշատիչների դարաշրջանում մենք պետք է ուժեղ լինենք, հատկապես՝ ուժեղ լինենք ծովում, որպեսզի մեզնից վախենան։
Ահա, թե ինչու, համաձայն ռազմական պլանավորման երկու վերջին օրենքների և մանրակրկիտ ու համապարփակ վերլուծությունից հետո, ես որոշել եմ Ֆրանսիան զինել նոր ավիակրով։ Այս լայնածավալ ծրագիրը մեկնարկելու որոշումը կայացվել է այս շաբաթ», – ասել է պետության ղեկավարը։
Մակրոնը պարզաբանել է, որ դրա կառուցմանը կմասնակցի 800 ընկերություն: Նախագահն ինքը պլանավորում է այցելել նավաշինարան, որտեղ նոր նավը կտեղադրվի 2026 թվականի փետրվարին:
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, սա Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Սեն-Նազերի նավաշինարանն է:








