Նիդերլանդների բանտերում պահվող որոշ դատապարտյալներ ժամկետից շուտ ազատ կարձակվեն՝ քրեակատարողական հիմնարկներում տեղերի պակասի պատճառով։ Այս մասին հայտնել է NU.nl պորտալը՝ հղում անելով երկրի խորհրդարան ուղարկված՝ արդարադատության նախարարության պետքարտուղար Կլաուդիա վան Բրյուգենի նամակին։
Նշվում է, որ ազատազրկման ժամկետը կարող է կրճատվել առավելագույնը չորս շաբաթով։ Միջոցառումը վերաբերում է միայն մինչև երկու տարի ներառյալ ազատազրկման դատապարտված տղամարդկանց։
Վան Բրյուգենի խոսքով՝ բանտային համակարգի ծանրաբեռնվածության աճի պատճառով իշխանությունները ստիպված են դիմել այդ քայլին։
Դեռևս 2024 թվականի վերջին նրա նախորդը՝ արդարադատության նախարարության պետքարտուղար Ինգրիդ Կունրադին, հայտարարել էր բանտերում տեղերի կրիտիկական պակասի մասին։ Նա առաջարկել էր դատապարտյալներին ժամկետից երկու շաբաթ շուտ ազատ արձակելու ծրագիր։
Դատապարտյալների վաղաժամ ազատ արձակմանը կտրականապես դեմ են արտահայտվում խորհրդարանի աջ լիբերալ «Ազատություն և ժողովրդավարություն ժողովրդական կուսակցություն» և ծայրահեղ աջ «Ազատության կուսակցություն» խմբակցությունները։








