Իրանը կորցրել է վստահությունը Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացի նկատմամբ, քանի որ երկխոսության յուրաքանչյուր փուլին հաջորդում են նոր պատժամիջոցներ և հարձակումներ։
Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք այլևս չենք վստահում Վաշինգտոնի հետ բանակցություններին՝ կրկնվող հարձակումների և յուրաքանչյուր երկխոսությունից հետո սահմանված պատժամիջոցների պատճառով», - Իրանի նախագահի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։ Փեզեշքիանը նաև նշել է, որ Դոհան և Իսլամաբադը ներկայումս միջնորդներ են երկու երկրների միջև անուղղակի շփումներում։
«Կատարը և Պակիստանը մեր ուղերձները փոխանցում են Վաշինգտոնին», - հավելել է նա։ Ավելին, Իրանի նախագահը ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ շփումները հիմնված են նախկինում ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի վրա և կոչ է արել ԱՄՆ վարչակազմին հստակորեն սահմանել իր դիրքորոշումը այս փաստաթղթի վերաբերյալ։








