ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել Իրանի դեմ ռազմական ուժի հնարավոր կիրառման վերաբերյալ առաջարկներ:
Այս մասին X-ում հայտնել է ամերիկյան Axios պորտալի և իսրայելական Channel 12 հեռուստաալիքի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի: Նա նշել է, որ Քուփերը «հինգշաբթի օրը նախագահ Թրամփին տեղեկացրել է Իրանի դեմ ռազմական տարբերակների մասին»։
Ռավիդը չի մանրամասնել, թե արդյոք ամերիկյան կողմը որևէ որոշում է կայացրել այս հարցի վերաբերյալ։ CENTCOM-ի գործառնական պատասխանատվության ոլորտը հիմնականում ներառում է Մերձավոր Արևելքը։ Հունվարին Սպիտակ տունը զգուշացրել է, որ լրջորեն պատրաստ է ուժ կիրառել, եթե Թեհրանը չնստի բանակցությունների սեղանի շուրջ և չհասնի «արդար համաձայնագրի», որը կներառի միջուկային զենքի լիակատար վերացումը:
Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք միջուկային ռումբ մշակելու մտադրություն չունեն:








