Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը եվրոպական անվտանգության անբաժանելի մասն է կազմում, և որ ժամանակն է այն ներառել եվրոպական պաշտպանության գործող մեխանիզմներում։
«Տարիներ շարունակ մենք բոլոր հարթակներում բացատրել ենք, որ մեր երկիրը զգալի դրական ներդրում կունենա Եվրոպական Միության մեջ։
Ժամանակն է Թուրքիան ներառել եվրոպական պաշտպանության և անվտանգության գործող մեխանիզմներում։ Մենք պետք է գիտակցենք, որ Թուրքիային բացառող և համաշխարհային իրողությունները անտեսող մոտեցումները բացարձակապես անտրամաբանական են։
Ինչ վերաբերում է Եվրոպայում նոր պաշտպանական ճարտարապետության ստեղծմանը, եթե նման մտադրություններ կան, ակնհայտ է, որ այդ ճարտարապետությունը թերի կլինի առանց Թուրքիայի։ Թուրքական բանակն այսօր ՆԱՏՕ-ի ամենամեծ և ամենաարդյունավետ բանակներից մեկն է», - նախագահի խոսքերը մեջբերել են լրագրողները։








