ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է դառնալ «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ, որը պատասխանատու կլինի Գազայի հատվածի վերակառուցման և անվտանգության համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է թուրքական NSosyal սոցիալական ցանցում։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, 2803 բանաձևով, որոշել է աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված Գազայում հակամարտության դադարեցման համապարփակ ծրագրին։ Դրա շրջանակներում ստեղծվում է «Խաղաղության խորհուրդ» և կից կառույցներ, որոնք պատասխանատու կլինեն Գազայի անվտանգությունը և վերակառուցումն ապահովելու համար», - Anadolu–ի հաղորդմամբ՝ գրել է Դուրանը։
Նա նշել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որպես Խաղաղության խորհրդի հիմնադիր և նախագահ, 2026 թվականի հունվարի 16-ին նամակ է ուղարկել՝ հրավիրելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դառնալ «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ»։








