Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Քուվեյթում տեղի ունեցած անօդաչու թռչող սարքի հարձակումը կասկածելի է անվանել՝ այն բնութագրելով որպես «պատերազմի պատրաստի սցենար»։ Նրա խոսքով՝ միջադեպի հանգամանքները պետք է մանրակրկիտ հետաքննվեն, քանի որ այն կարող է օգտագործվել տարածաշրջանում ռազմական լարվածությունն ավելի խորացնելու համար։ Արաղչին այս հայտարարությունն արել է Քուվեյթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարների հետ հեռախոսազրույցների ընթացքում։
Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտարարել, որ Թեհրանը պատրաստ է Քուվեյթի հետ համատեղ հետաքննություն անցկացնել՝ պարզելու հարձակման ծագումն ու պատասխանատուներին։ Քուվեյթի իշխանությունների հաղորդմամբ՝ երկրի կարևոր նշանակության օբյեկտներից մեկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել են Rheinmetall Italia ընկերության երկու իտալացի աշխատակիցներ։ Եվս երկու մարդ վիրավորվել է։ Քուվեյթն ու Իտալիան հարձակման պատասխանատվությունը վերագրել են Իրանին։
Թեհրանը կտրականապես հերքել է իր մասնակցությունը միջադեպին։ Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը պնդել է, որ իրանական ուժերը Քուվեյթի տարածքում որևէ հարձակողական գործողություն չեն իրականացրել։ Իրանական կողմը նաև կասկածի տակ է դրել հարձակման իրական կազմակերպիչների ինքնությունը։ Միջադեպը տեղի է ունեցել տարածաշրջանում ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև շարունակվող ռազմական առճակատման պայմաններում։ Քուվեյթի վրա հարձակումը նոր լարվածություն է առաջացրել Թեհրանի և Պարսից ծոցի երկրների հարաբերություններում։








