Մեծ Բրիտանիան 9,5 միլիոն ֆունտ ստեռլինգ կներդնի Ուկրաինայում 200 մեգավատ հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման համար։ Նախագիծը նախատեսված է մոտ 300 հազար ուկրաինական տնային տնտեսության էլեկտրաէներգիայով ապահովելու համար։ Այս մասին նոյեմբերի 26-ին հայտնել է The Guardian-ը։
Հողմակայանի կառուցման կոնկրետ վայրը չի հրապարակվում՝ պատերազմի պայմաններում էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Նախագիծն իրականացնելու և շահագործելու է բրիտանական գրանցում ունեցող Elementum Energy ընկերությունը, որն ունի գրասենյակներ Լոնդոնում, Կիևում և Օդեսայում։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդի խոսքով՝ ներդրումը կօգնի ամրապնդել Ուկրաինայի էներգետիկ անկախությունը և աջակցել երկրի վերականգնմանը։ Լոնդոնն արդեն ավելի քան 770 միլիոն ֆունտ է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնմանն ու ամրապնդմանը։ Նախագծի մասին հայտարարությունը հաջորդել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ռուսական նոր հարվածներին։
Կիևի գնահատմամբ՝ Ռուսաստանի հարձակումների հետևանքով վնասվել կամ ոչնչացվել է երկրի նախապատերազմյան էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների ավելի քան 80 տոկոսը։








