Գերմանական Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու ևս մեկ օտարերկրյա հյուր զոհվել են Հնդկաստանի Բանգալոր քաղաքի շքեղ հյուրանոցներից մեկի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով։ Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ տղամարդիկ լողալիս կարող էին էլեկտրահարվել։ Ոստիկանությունը հետաքննում է կատարվածի հանգամանքները։
Lufthansa-ն հաստատել է, որ իր աշխատակիցը զոհվել է ուրբաթ՝ Բանգալորում անձնակազմի կանգառի ընթացքում, սակայն հրաժարվել է հայտնել միջադեպի մանրամասներն ու զոհվածի ինքնությունը՝ վկայակոչելով գաղտնիությունը պահպանելու անհրաժեշտությունը։
«Մենք խորին ցավակցություն ենք հայտնում անձնակազմի զոհված անդամի ընտանիքին, հարազատներին և ընկերներին», — հայտնել են ավիաընկերությունում։
Հնդկական NDTV հեռուստաալիքի տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել հյուրանոցի երրորդ հարկի լողավազանում։ Տեղի լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Lufthansa-ի զոհված աշխատակիցը Գերմանիայի քաղաքացի էր, իսկ երկրորդ տղամարդը՝ Սլովակիայի։
Տուժածներին փրկելու փորձերի ընթացքում վնասվածքներ է ստացել ևս երկու մարդ՝ հյուրանոցի հյուրն ԱՄՆ-ից և լողավազանի հնդիկ աշխատակիցը։ Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց։ Վերջին տվյալներով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպից հետո լողավազանը փակվել է։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տեխնիկական սպասարկման ընթացքում այն փակ կմնա այցելուների համար։ Հյուրանոցի ներկայացուցիչները խոստացել են լիովին համագործակցել քննության հետ։
Բանգալորը Հնդկաստանի հարավում գտնվող խոշոր քաղաք է, որը տեխնոլոգիական ընկերությունների մեծ կենտրոնացման շնորհիվ հայտնի է որպես «հնդկական Սիլիկոնային հովիտ»։








