Գերմանիայում ձերբակալել են երկրի 18-ամյա քաղաքացու, որին կասկածում են Ինդիանա ամերիկյան նահանգից 14-ամյա աղջկա ինքնասպանությանն առնչություն ունենալու մեջ։ Քննության վարկածով, նա համացանցի միջոցով ազդել է դեռահասի վրա՝ դրդելով նրան ինքնավնասման։ Այդ մասին հայտնել են Համբուրգի դատախազությունն ու քաղաքի ոստիկանությունը, տեղեկացնում է CBS News-ը։
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ ամերիկյան ՀԴԲ-ն գերմանական իշխանություններին է փոխանցել ստացված տեղեկությունները։
Քննության տվյալներով, 2026 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին կասկածյալը, որն այն ժամանակ 17 տարեկան էր, Discord հարթակի միջոցով շփվել է աղջկա հետ։ Իրավապահների պնդմամբ, նա դրդել է նրան իրեն մարմնական վնասվածքներ պատճառել և պահանջել է տեսանկարահանել կատարվողը։ Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 2-ին, աղջիկն ինքնասպան է եղել։
Քննիչները կարծում են, որ կասկածյալը կարող էր ձգտել ճանաչում ստանալ Nefarious Maniac Kult (NMK) առցանց խմբավորման մեջ կամ հասնել այնտեղ անդամակցելուն։ Դատախազության վարկածով, այս խումբը կապված է COM միջազգային ցանցի հետ, որի մեջ մտնում են խմբեր, որոնք հայտնի են 764 անունով։ Դրանց մասնակիցները, ինչպես հայտնում են իրավապահ մարմինները, հոգեբանորեն խոցելի մարդկանց մանիպուլացնում են և օգտագործում բռնության ու այլ հանցագործությունների համար։
Աղջկա մահից հետո կասկածյալը, ենթադրաբար, փորձել է ձեռք բերել նրա ինքնասպանության տեսագրությունը։ Բացի այդ, քննությունը պնդում է, որ նա սպառնացել է դեռահասի շրջապատի մարդկանց՝ հրապարակել նրա անձնական տվյալներն ու վարկաբեկող նյութերը։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության և տուժողի վրա ազդեցություն գործադրելու միջոցով առողջությանը ծանր վնաս պատճառելու, ինչպես նաև հարկադրանքի փորձի և անչափահասների մասնակցությամբ սեռական բնույթի նյութեր պահելու համար։ Նա նախկինում դատված չի եղել։ Հետաքննությունը շարունակվում է։








