ԱՄՆ-ն դիտարկում է առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ռազմական պլանավորմանը ծանոթ ամերիկացի պաշտոնյաներին։
Թերթի լրագրողներն այցելել են Արաբական ծովում գտնվող USS George Washington ավիակիր, որտեղ հետևել են ռազմական ինքնաթիռների թռիչքներին և զինամթերքի համալրմանը։ Նավեր են հասցվել սպառազինության մեծ խմբաքանակներ, այդ թվում՝ ցամաքային թիրախների խոցման թևավոր հրթիռներ և բունկերներ ոչնչացնելու համար նախատեսված ավիառումբեր։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ սպառազինության մատակարարումներն ընդլայնում են ԱՄՆ-ի ռազմական հնարավորությունները՝ Իրանի դեմ նոր գործողություն իրականացնելու որոշման կայացման դեպքում։
Տարածաշրջանում իրավիճակի սրման սպառնալիքի ֆոնին ԱՄՆ-ն շտապ տարհանում է դիվանագետներին և նրանց ընտանիքներին Մերձավոր Արևելքի երկրներից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հասցեագրված ծառայողական գրության մեջ նշվում է, որ ամերիկյան հետախուզությունը արձանագրել է Իրանի կարողությունների զգալի ուժեղացում։ Նշվում է նաև, որ դիվանագետները դժգոհում են տարհանման գործընթացի անկազմակերպությունից և ֆինանսական աջակցության անբավարարությունից։








