Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, հայ թատրոնի և կինոյի ականավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 97 տարեկան։ Սոս Արտաշեսի Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավանում։
1948 թվականին տեղափոխվել է Երևան և սկսել աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, այնուհետև երկար տարիներ հանդես եկել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում։
1991 թվականին Սոս Սարգսյանը հիմնադրել է Համազգային թատրոնը, որը ղեկավարել է մինչև կյանքի վերջը։ 1997-2006 թվականներին եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը։ Սոս Սարգսյանը նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում՝ ստեղծելով հայ կինոյի հիշարժան կերպարներից շատերը։
Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Նահապետը», «Եռանկյունին», «Մենք ենք, մեր սարերը», «Ձորի Միրոն», «Գիքորը» և «Սոլյարիսը»։ Դերասանի արվեստին բնորոշ էին խոր մարդկայնությունը, ներքին ուժն ու կերպարների հոգեբանական ճշմարտացիությունը։
Նրա ստեղծագործական ժառանգությունը նշանակալի տեղ է զբաղեցնում հայ թատրոնի և կինոյի պատմության մեջ։ Սոս Սարգսյանը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին՝ 83 տարեկան հասակում։ Նա թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։








