Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը հայտարարել է, որ Եվրամիությունում արգելված թունաքիմիկատ է հայտնաբերել Հայաստանից ներկրված 57,6 կգ քաշով կանաչ թեյի խմբաքանակում։ Լաբորատոր հետազոտությունները նաև ցույց են տվել ևս երկու թունաքիմիկատի թույլատրելի պարունակության գերազանցում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով գերատեսչությանը։
Հաղորդվում է, որ 8810 համարի խմբաքանակում հայտնաբերվել է տոլֆենպիրադ, որի կիրառումը ԵՄ-ում արգելված է։
Բացի այդ, նշվում էր, որ լյամբդա-ցիհալոտրինի և թիամեթոքսամի պարունակությունը գերազանցել է առավելագույն թույլատրելի մակարդակները։
Ստուգման արդյունքներով բեռը չի թույլատրվել մտցնել Եվրամիության տարածք։ Այս խմբաքանակի տարածումն արգելված է․ արտադրանքը պետք է ոչնչացվի կամ ուղարկվի ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկիր, նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հայտնաբերված խախտումների մասին լատվիական ծառայությունը տեղեկացրել է սննդամթերքի և կերի վտանգավորության վերաբերյալ արագ ծանուցման եվրոպական համակարգին (RASFF)։ Այն թույլ է տալիս ԵՄ երկրների վերահսկիչ մարմիններին տեղեկացնել անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին։
Նույն ստուգման ընթացքում խախտումներ են հայտնաբերվել նաև մեկ այլ խմբաքանակում՝ Ղազախստանից ներմուծված 22 տոննա մանանեխի սերմերում։ Դրանցում էրուկաթթվի պարունակությունը չափազանց բարձր է եղել։ Այդ խմբաքանակի ներմուծումն էլ ԵՄ արգելվել է։








