Հնդկաստանի կառավարությունը բանաձև է ընդունել, որով Նյու Դելիի պատմական Կարմիր ամրոցի մոտ տեղի ունեցած ավտոպայթյունը ճանաչվում է որպես ահաբեկչական հարձակում։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գրասենյակը։
Մոդին նախագահել է անվտանգության հարցերով զբաղվող կաբինետի նիստը։ Այն սկսվել է զոհերի հիշատակին լռության րոպեով։ Կառավարության բանաձևում նշվում է, որ երկիրը ականատես է եղել «հակազգային ուժերի կողմից Կարմիր ամրոցում ավտոմեքենապայթյունի միջոցով կատարված նողկալի ահաբեկչական գործողության»։
Կառույցը հրամայել է «ամենաանհետաձգելի և պրոֆեսիոնալ» հետաքննություն անցկացնել՝ ապահովելու համար, որ «բոլոր մեղավորները, հանցակիցները և հովանավորները անհապաղ բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն»։
Բանաձևում ընդգծվում է, որ իրավիճակը գտնվում է կառավարության մշտական վերահսկողության ներքո՝ ամենաբարձր մակարդակով։
Երկուշաբթի երեկոյան Հնդկաստանի մայրաքաղաքի Կարմիր ամրոցի մոտ ավտոմեքենա է պայթել: Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ 13 մարդ զոհվել է, իսկ 20-ից ավելի մարդ վիրավորվել է։ Ահաբեկչական հարձակման հետաքննությունը հանձնվել է Ազգային հետաքննչական բյուրոյին։








