ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Պատմություն, դասագրքեր, իրականություն կեղծելով պատմական իրողությունները չեն փոխվում: Հատկապես որ մեր ժողովրդի համար պատմական, հանգրվանային իրավիճակներում մեծ ջանքերից, զոհողություններից բացի նաև կյանք է դրվել:Արցախյան շարժումը, Արցախի պատերազմը, Արցախի ազատության համար պայքարը զուտ տեղային խնդիր չի եղել: Արցախյան շարժման և պատերազմի հաղթանակն ապահովեց ոչ միայն արցախցիների արդար պահանջների իրացումը, այլ ապահովեց Հայաստանի անվտանգությունը, հնարավորություն տվեց մեր երկրին` տարածաշրջանում և ամենուր, դիրքավորվելու որպես պայքարող և հաղթող ժողովրդի, ինչը հայ ժողովրդի համար լրիվ այլ հեռանկար և ճակատագիր էր ենթադրում: Այսօր հայն այլևս Արցախում չի ապրում: Սա պարզապես մի ամբողջ ժողովրդի ողբերգություն է:
Այսօր հայը ինքը պետք է որոշի` առկա իրողություններն ընդունում է որպես պատմության ավա՞րտ, դատավճի՞ռ կամ վերջնական վախճա՞ն, թե՞ ընտրում է խելամտությունը, սթափությունն ու արժանապատվությունը:
Ես համոզված եմ, որ անհրաժեշտ պահին, հայ մարդը ճիշտ որոշում կկայացնի»: