Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային՝ ներկայացնելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները և նրա ուշադրությունը հրավիրելով երկրում տեղի ունեցող զարգացումների վրա։
Նամակում խորհուրդը նախ շնորհավորել է Նավի Փիլային Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային արդարադատության և օրենքի գերակայության ամրապնդման գործում նրա երկարամյա գործունեության նշանակությունը։
Միաժամանակ խորհուրդը նշել է, որ խաղաղությունը չի կարող լինել կայուն և երկարատև, եթե այն հիմնված չէ օրենքի գերակայության, արդարության և մարդու հիմնարար իրավունքների արդյունավետ պաշտպանության վրա։ Նամակի հեղինակների գնահատմամբ՝ Հայաստանում արտաքին սահմանների երկայնքով պահպանվող փխրուն խաղաղության պայմաններում երկրի ներսում մտահոգություններ են առաջացնում իրավական երաշխիքների վիճակը, արդարադատության իրականացումը և ժողովրդավարական քաղաքական կյանքի պայմանները։
Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների կալանավորման կապակցությամբ՝ նշելով, որ նման գործողությունները կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն տվյալ անձանց անհատական իրավունքների, այլև նրանց աջակիցների՝ քաղաքական կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորությունների վրա։
Նամակում մասնավորապես հիշատակվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը։ Խորհուրդը պնդել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցությունը, իր գնահատմամբ, հակասահմանադրական վերահաշվարկների արդյունքում զրկվել է ստացած խորհրդարանական մանդատներից, իսկ կուսակցության առաջնորդը հետագայում ձերբակալվել է և շարունակում է մնալ կալանքի տակ։ Այս հարցին, ըստ նամակի, անդրադարձ է կատարվել նաև ԵԽԽՎ ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցում։
Խորհուրդը նշել է, որ մտահոգություններն ավելի են խորանում այն հանգամանքով, որ խորհրդարան անցած մյուս երկու ընդդիմադիր ուժերի առաջնորդները նույնպես շարունակում են մնալ կալանքի տակ։ Նամակի հեղինակների համոզմամբ՝ քրեական վարույթները չպետք է վերածվեն քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու կամ օրինական քաղաքական մրցակցությունը սահմանափակելու միջոցի։
Միևնույն ժամանակ խորհուրդը շեշտել է, որ չի խնդրում Նավի Փիլային կանխորոշել որևէ անձի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ դիրքորոշումը կամ միջամտել դատական գործընթացներին։ Դիմումի հիմնական նպատակը քրեական վարույթներում օրենքի պահանջների, անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության իրավունքի և մինչդատական կալանքի համաչափության պահպանման հարցերի բարձրաձայնումն է։
Նամակում ներկայացվել է նաև քաղբանտարկյալների և քաղաքական հետապնդման ենթարկվող քաղաքական ու հանրային գործիչների ցանկը։ Ընդհանուր առմամբ նշված է 40 անձի անուն, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Անդրանիկ Թևանյանը, Մարտուն Գրիգորյանը, Արմեն Աշոտյանը, Վարդան Ղուկասյանը, Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը։
Ցանկում ընդգրկված են նաև հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, հոգևորականներ և տարբեր շարժումների ներկայացուցիչներ։ Խորհուրդը պնդում է, որ քաղաքական հետապնդման են ենթարկվում նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ավելի քան 100 անդամներ և աջակիցներ։
Առանձին անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ գերիների և ռազմագերիների խնդրին։ Խորհուրդը նշել է, որ Բաքվում շարունակում են պահվել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք։ Ներկայացված ցանկում ընդգրկված է 19 անձ։
Նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը և այլ անձինք։
Խորհուրդը Նավի Փիլային խնդրել է իր հնարավորությունների և մասնագիտական կապերի շրջանակում աջակցել բարձրացված հարցերի միջազգային քննարկմանը։ Մասնավորապես, կոչ անել Հայաստանի իշխանություններին ապահովել կալանքի տակ գտնվող ընդդիմադիր առաջնորդների գործերի քննությունն օրենքի գերակայության և արդար դատաքննության սկզբունքներին համապատասխան, ինչպես նաև դիտարկել նրանց ազատ արձակումը մինչև դատաքննությունը, եթե կալանքը անհրաժեշտ և համաչափ չէ։
Բացի այդ, առաջարկվել է ուշադրություն հրավիրել այս գործերի՝ քաղաքական բազմակարծության և խաղաղ ընդդիմության պաշտպանության վրա ունեցած հետևանքներին, հարցերը բարձրացնել միջազգային իրավապաշտպան շրջանակներում և աջակցել Ադրբեջանում պահվող հայերի իրավունքների պաշտպանությանն ու նրանց ազատ արձակմանն ուղղված միջազգային ջանքերին։
Նամակի վերջում խորհուրդը նշել է, որ իր դիմումը նպատակ չունի առաջ մղելու որևէ կոնկրետ քաղաքական շահ կամ կանխորոշելու ընթացող դատական գործընթացների արդյունքները։ Ըստ հեղինակների՝ հիմնարար իրավունքների պաշտպանությունը, արդարադատության անկախությունն ու անաչառությունը և խաղաղ քաղաքական ընդդիմության համար անհրաժեշտ միջավայրի պահպանումը ժողովրդավարության, հանրային վստահության և կայուն խաղաղության հիմնական հիմքերն են։








