Հայաստանում 2026 թվականի առաջին յոթ ամիսներին սննդամթերքի և խմիչքների արտադրության ոլորտում տարբեր ուղղություններով էական փոփոխություններ են արձանագրվել։
Մի շարք հիմնական ապրանքատեսակների արտադրության ծավալներն աճել են, մինչդեռ որոշ մթերքների, այդ թվում՝ երշիկեղենի, պանրի և թարմ հացի արտադրությունը նվազել է։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 23,9 հազար տոննա միս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22,7 հազար տոննայի դիմաց։ Արտադրության ծավալն աճել է 4,9%-ով։ Միաժամանակ նկատելիորեն նվազել է երշիկեղենի և համանման մսամթերքի արտադրությունը՝ 7,1 հազար տոննայից հասնելով 5,6 հազար տոննայի։ Անկումը կազմել է 21%։
Կաթնամթերքի արտադրության պատկերը զգալիորեն ավելի դրական է։ Մշակված կաթի և կաթնասերի արտադրությունն աճել է 30,3%-ով՝ հասնելով 7,4 հազար տոննայի։ Նույնքան՝ 30,3%-ով, ավելացել է նաև կաթնաշոռի արտադրությունը՝ 1,7 հազար տոննայից հասնելով 2,2 հազար տոննայի։
Աճել է նաև կարագի և կաթնային մածուկների արտադրությունը 27,4%-ով՝ կազմելով 2,1 հազար տոննա։ Թթված կաթի և մածունի արտադրության ծավալն ավելացել է 19,2%-ով՝ հասնելով 7,5 հազար տոննայի։
Սակայն կաթնամթերքի մյուս կարևոր ապրանքատեսակի՝ պանրի դեպքում միտումը հակառակն է։ Հունվար-հուլիսին արտադրվել է 14,7 հազար տոննա պանիր, ինչը նախորդ տարվա համեմատ 3,1%-ով պակաս է։
Նվազել է նաև թարմ հացի արտադրությունը։ Այս տարվա առաջին յոթ ամիսներին արտադրվել է 149,9 հազար տոննա հաց, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 151,5 հազար տոննա։ Արտադրության ծավալը նվազել է 1,1%-ով։
Հակառակ պատկերն է ալյուրի արտադրությունում։ Ցորենի և աշորայի ալյուրի թողարկումը հասել է 87,5 հազար տոննայի՝ տարեկան կտրվածքով աճելով 4,3%-ով։
Աճել է նաև հրուշակեղենի և մակարոնեղենի արտադրությունը։ Շոկոլադի և շաքարե հրուշակեղենի արտադրությունն ավելացել է 25,4%-ով՝ հասնելով 4,1 հազար տոննայի։ Մակարոնեղենի և համանման ալյուրե արտադրատեսակների արտադրությունն աճել է 17,7%-ով՝ կազմելով 2,6 հազար տոննա։
Խմիչքների արտադրության ոլորտում նույնպես գերակշռել են աճի միտումները։ Խաղողի գինու արտադրությունը հասել է 4,2 մլն լիտրի՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 26,4%-ով։ Գարեջրի արտադրությունն աճել է 18,8%-ով՝ հասնելով 22,6 մլն լիտրի, իսկ ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն ավելացել է 19,8%-ով՝ գերազանցելով 102 մլն լիտրը։
Զգալի աճ է գրանցվել նաև բնական հանքային չգազավորված ջրի արտադրությունում․ այն ավելացել է 25%-ով և կազմել 53,1 մլն լիտր։
Ալկոհոլային խմիչքների արտադրության դինամիկան, սակայն, միատեսակ չէ։ Կոնյակի արտադրությունն աճել է 14%-ով, մինչդեռ վիսկիի արտադրությունը կրճատվել է 40,8%-ով՝ հասնելով շուրջ 1 մլն լիտրի։ Օղու, լիկյորի և այլ սպիրտային խմիչքների արտադրությունը նույնպես նվազել է 16,9%-ով։








