Անհատ ձեռնարկատեր Արմինե Լագզյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում՝ «Լորդ» ռեստորանում (Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, Ադելյան 12/1), իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Այսպես՝
- սննդի կառույցի նախագծումը, կառուցվածքը, տեղակայումը չեն ապահովել հիգիենիկ աշխատանքային պայմաններ,
- չի բացառվել օդից փոխանցվող աղտոտումը, կեղտի կուտակումը, օտար մասնիկներիթափանցումը սննդամթերքի մեջ,
- չի պահպանվել կենդանիների, կրծողների և միջատների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
- կառույցը չի ունեցել լվացող և ախտահանող նյութերի` սննդամթերքից առանձնացված պահման տարածք,
- հատակն ունեցել է ճաքեր, չի ունեցել հարթ մակերես, պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
- խոհանոցի դեպի դուրս բացվող պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
- սանհանգույցի դուռը հեշտորեն չի մաքրվել ու ախտահանվել, պատրաստված չի եղել հարթ և չներծծող մակերևույթ ունեցող նյութերից,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:








