«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանն ուղերձ է հղել Երևան – Կենտրոն ՔԿՀ–ից, որում ասված է․
Բանտախցից՝ աշխարհին… Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ
Ծննդյան Խորհուրդ, Ծնունդ Սրբազան,
Բազում լույսերից, աղմուկից հեռու,
Իմ բանտախցի չոր պատերի մեջ
Քո Մսուրն է հար աչքերիս առջև:
Մսուր պատվական, որ բանտ էր կարծես
Արդարիդ համար,
Դարձավ օրորոց սուրբ ազատության:
Թեպետ միայնակ, թեպետ կապանքված,
Եվ ունայնացած Արքայիդ փառքից`
Անասնագոմում մունջ հայացքների
Լուռ ուղեկցությամբ
Մսուրդ ծնեց լույսը Հարության,
Խենթ ազատության ու Հաղթանակի…
Մսուրիդ բանտից ծիծաղդ Մանկան,
Իր խաղաղությամբ հաղթանակող է և ո’չ խղճալի,
Ո’չ ստով պատված և կամ կեղծիքով,
Այլ ճշմարտությամբ և արդարությամբ,
Ո’չ թե հոգեսպան, այլ` հոգենորոգ,
Ո’չ կորստյան ցավ, այլ` ուրախության անհագ հագեցում:
Ո’չ խաբեության թույն թմրեցուցիչ,
Այլ ազնվության աննվազ փարոս,
Ո’չ ստրկացած, ծնկած փոքրոգի,
Այլ ազատության ու մաքառումի անխոնջ ռահվիրա,
Ո’չ նյութի գերի «ոսկեհորթացու»,
Այլ երկինքները նվաճող Հերոս,
Ո’չ անհայրենիք թափառող ուրու,
Այլ Հայրենատենչ երազ անխարդախ,
Ո’չ թե պարտության և մահվան պատճառ,
Այլ Հաղթանակի և անմահության:
Մսուրիդ բանտից տարածվող խինդը,
Թող դիպչի բոլոր խոցված սրտերին,
Եվ տառապանքի ցուրտ բավիղներում
Ցավով դեգերող հեգ ճամփորդներին:
Մսուրիդ բանտից ճառագող լույսը,
Ճեղքի խավարը թանձրամած ստի,
Վախի գորշության, անորոշության,
Շող դառնա բոլոր ճանապարհների:
Մսուրիդ բանտից չսպառվող հույսը
Լցվի անդադար անհույս կյանքերում,
Ով ցամաքել է վերջին փափագով`
Ձեռքը երկարած տենչալի բարուն:
Մսուրիդ բանտից ծագող հավատքը
Արեգակի պես փայլի անսպառ,
Միշտ հրաբորբոք ու միշտ հրավառ,
Հավիտենական պայքարում համառ:
Մսուրիդ բանտից ակոսվող սերը
Հեղվի դաշտերում սիրուց անջրդի,
Անապատացած մեղկ հոգիներին,
Անվախճան համբույր սիրո ողջունի:
Չոր պատերի մեջ իմ բանտախցի
Սրտիս հայացքը սլանում է վեր`
Ճեղքելով շղթան մեռած ճաղերի,
Որոնք անզոր են դույզն ինչ կապանքել
Այն սավառնումը, որ տվել ես ինձ`
Քեզ հետ ճախրելու, հասնելու այնտեղ,
Որի գագաթը Քո խաչն է համայն`
Որպես նշանակ աշակերտության,
Որպես հանգրված սուրբ ազատության:
Այնտեղ ես, որտեղ ազատությունն է,
Բայց և հենց Ինքդ Ազատությունն ես,
Որ չունի սկիզբ, ինչպես նաև վերջ,
Քանզի Քո գիրկն է այն ավազանը,
Որի շիթերից կենսավորվում են
Ճշմարտությունը, արդարությունը և իրավունքը,
Որի ցողերից կյանք են ստանում
Սիրո ծիլերը, հույսի լույսերը և Հաշտությունը,
Որը անխափան և անդավաճան
Առաջնորդում է հավերժի ճամփան:
Խորհուրդ Ծննդյան, Ծնունդ Սրբազան,
Բազում լույսերից, աղմուկից հեռու,
Իմ բանտախցի չոր պատերի մեջ
Քո Մսուրն է հար աչքերիս առջև,
Օրորոցը մեր Սուրբ Ազատության…
31.12.2025
01.01.2026
Երևան – Կենտրոն ՔԿՀ
Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան








