Մեծ Բրիտանիան այս շաբաթ կհյուրընկալի միջազգային համաժողով՝ բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Գազայի հատվածի վերակառուցման հարցը քննարկելու համար, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։
Նշվում է, որ «Մեծ Բրիտանիան առաջատար դեր կխաղա Գազայի խաղաղության ծրագրի հաջորդ փուլում», այդ թվում՝ անկլավի «վերականգնման և վերակառուցման վերաբերյալ եռօրյա համաժողով» անցկացնելու միջոցով։ «Համաժողովին կմասնակցեն մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ Գերմանիան, Իտալիան, Սաուդյան Արաբիան, Հորդանանը և Պաղեստինի ազգային վարչակազմը, ինչպես նաև մասնավոր հատվածը և միջազգային զարգացման ֆինանսավորման ծրագրերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Համաշխարհային բանկը», – ասվում է հայտարարության մեջ։
Սթարմերի գրասենյակը հավելել է, որ միջոցառումը կկենտրոնանա Գազայի հետպատերազմյան զարգացման վրա։