Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը նոյեմբերի 25-ի գիշերը հարվածել են Ռուսաստանի Սամարայի մարզում գտնվող «Ռոսնեֆտ» ընկերության երկու խոշոր նավթավերամշակման գործարաններին՝ Սիզրանի և Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարաններին։
Հարվածների հետևանքով պայթյուններ են որոտացել, իսկ արդյունաբերական օբյեկտների տարածքում հրդեհների մասին հաղորդումներ են տարածվել։ Ուկրաինական «Ուկրաինսկայա պրավդա»-ն, հղում անելով ռուսական Astra լրատվամիջոցին և Exilenova+ մոնիթորինգային ալիքին, հայտնել է, որ Սիզրանի և Նովոկույբիշևսկի բնակիչները գիշերը լսել են անօդաչուների ձայներ, ապա՝ պայթյուններ։
Հրապարակված տեսանյութերում երևում են հրդեհների լուսավորությունն ու ծխի բարձրացող ամպերը։ Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հաստատել է տարածաշրջանի վրա անօդաչուների հարձակումը և հայտնել արդյունաբերական օբյեկտի վնասման մասին։ Նա, սակայն, չի նշել վնասված գործարանների անունները կամ վնասների չափը։
Հարձակման ֆոնին ժամանակավորապես սահմանափակվել են Սամարայի Կուրումոչ օդանավակայանի թռիչքներն ու վայրէջքները։ Տարածաշրջանում հայտարարվել է անօդաչուների վտանգի մասին նախազգուշացում։








