«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովրդավարական Հայաստանում ազատազրկվածների ավելի քան կեսը գտնվում է նախնական կալանքի տակ։ «Ժողովուրդ» օրաթերթը միջազգային համեմատություն է արել, որը անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է և ժողովրդավարության հետ աղերս չունի։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Եվրոպայի խորհրդի SPACE I 2025 զեկույցը, ըստ որի՝ Հայաստանի բանտերում գտնվող անձանց շուրջ 52 տոկոսը նախնական կալանքի տակ է։ Այսինքն՝ Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր երկու անձից ավելի քան մեկը դատավճռով պատժված չէ։ Մեկ այլ՝ World Prison Brief-ի տվյալներով՝ 2026 թվականի ապրիլի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 48.1 տոկոս։
Համեմատության համար նշենք, որ Եվրոպայի խորհրդի տվյալներով՝ եվրոպական բանտային համակարգերի միջին ցուցանիշը շուրջ 25 տոկոս է։ Իսպանիայում՝ 17.7 տոկոս, Լեհաստանում՝ 11 տոկոս, Չեխիայում՝ 8.2 տոկոս։ Ռուսաստանում այն շուրջ 30 տոկոս է կազմում։
Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրներին, ապա Թուրքիայում՝ բանտերում գտնվող անձանց շուրջ 16 տոկոսն է նախնական կալանքի տակ, Վրաստանում և Ադրբեջանում՝ շուրջ 23-24 տոկոս, իսկ Բուլղարիայում՝ 7 տոկոս։
Այս թվերը Հայաստանի համար խայտառակ համեմատություն են։ Ստացվում է, որ Հայաստանում նախնական կալանքի կիրառման մասնաբաժինը մոտ երկու անգամ գերազանցում է եվրոպական միջին ցուցանիշը։
Հարցն առավել ուշագրավ է ժողովրդավարական պետություն լինելու Հայաստանի հայտարարած ուղեգծի համատեքստում։
Մինչդեռ նախնական կալանքը պատժի միջոց չէ։ Մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հետևաբար կալանքը պետք է լինի հիմնավորված և անհրաժեշտ միջոց, այլ ոչ թե քրեական վարույթի սովորական ընթացակարգ կամ առավել ևս պատժամիջոց»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում








