Հետազոտողները հայտնաբերել են ստորգետնյա կառուցվածքներ այն ձևավորումներից մեկի շրջանում, որը տասնամյակներ շարունակ կապվում է Նոյյան տապանի հնարավոր գտնվելու վայրի հետ։ Գեոռադարային հետազոտությունները բացահայտել են միջանցքներ, անկյունային կառուցվածքներ և խոռոչներ մակերևույթի տակ։
Ըստ Daily Star-ի տեղեկության՝ խոսքը վերաբերում է Արարատ լեռից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող նավակաձև մի ձևավորման։
Հետազոտական խմբի տվյալներով՝ գեոռադարային պատկերների վերլուծությունը բացահայտել է գծային կառուցվածքներ, ուղիղ անկյան տակ հատումներ և երկարավուն խոռոչներ։ Հետազոտողներն այս անոմալիաների մի մասը մեկնաբանում են որպես հնարավոր միջանցքներ և տարածքներ։ 2019 թվականին ստացված գեոռադարային տվյալների նախնական վերլուծությունը ևս միջանցքների և սենյականման տարածքների նմանվող կառուցվածքներ էր ցույց տվել։ Թիմի տվյալներով՝ դրանցից որոշները մոտ 9 մետր խորության վրա են։
Միաժամանակ իրենք՝ հետազոտողներն, ընդգծում են, որ այդ արդյունքները Նոյյան տապանի գոյության ապացույց չեն, գրում է Фокус-ը։ Նախագծի պաշտոնական կայքում ստացված տվյալները բնորոշվում են որպես երկրաֆիզիկական նյութեր, որոնք դեռ պետք է հետագա վերլուծության ենթարկվեն։
Դեռևս 2026 թվականի սեպտեմբերին թիմը սկսել է ձևավորումից հորատանցքային միջուկների ընտրությունը։ Հորատումն իրականացվում է մինչև 18 մետր խորությամբ՝ լաբորատոր ուսումնասիրության համար նմուշներ ստանալու նպատակով։ Թիմի տվյալներով՝ նմուշներում արդեն օրգանական նյութի մեծ քանակությամբ շերտեր էին հայտնաբերվել, իսկ հորատման ընթացքում արձանագրվել էին մի քանի խոռոչներ։ Այդ խոռոչներից մեկը, հետազոտողների պնդմամբ, լցված էր ջրով։ Հաջորդ փուլը պետք է լինի նմուշների լաբորատոր վերլուծությունը։ Հետազոտողները մտադիր են ուսումնասիրել դրանց կազմը, օրգանական բաղադրիչները և հողի կառուցվածքը, որից հետո ավելի մանրամասն արդյունքներ կհրապարակեն։ Այդ ձևավորումը հետազոտողների ուշադրությունն է գրավում 1959 թվականից, երբ այն հայտնաբերվել էր օդալուսանկարներում։ Մոտ 157 մետր երկարությամբ այդ կառուցվածքը նավի կմախք հիշեցնող բնորոշ ձև ունի։ Նոյյան տապանի վարկածի կողմնակիցները կարծում են, որ ստորգետնյա անոմալիաներն ու հողի վերլուծության արդյունքները կարող են վկայել այդ ձևավորման արհեստական ծագման մասին։ Միաժամանակ կա նաև դրա ծագման երկրաբանական բացատրություն, իսկ այն, որ դա աստվածաշնչյան տապանի մնացորդներն են, դեռևս անկախ հաստատում չունի։ Հետագա հետազոտությունները պետք է ցույց տան՝ արդյոք հայտնաբերված ստորգետնյա կառուցվածքները կապվա՞ծ են բնական երկրաբանական գործընթացի հետ, թե՞ այլ ծագում ունեն։








