Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Երևանում՝ Առնո Բաբաջանյան փողոցի 137 շենքի բակում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոց է հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած քրեական ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Օպերատիվ տեղեկություններով՝ դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա Բագրատ Մ.-ն՝ ազդրի հատվածում ստացած վնասվածքով։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Քրեական ոստիկաններն ու քննիչները պարզել են կրակոց արձակած անձի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և դեպքի ժամանակ օգտագործված զենքը ներկայացնելու ուղղությամբ։ Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։








