Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյան նկատմամբ բանտում խտրականության խնդիր չի տեսնում։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
Նշենք, որ սեպտեմբերի 18–ին Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, որն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել աջակցել հայ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում։
Վարդանյանը բարձրաձայնել էր հայ գերիների պահման պայմաններին վերաբերող բժշկական և իրավական մի շարք հարցեր։
«Հայազգի անձանց, այդ թվում՝ Վարդանյանի հետ հանդիպումներ են անցկացվել նախաքննության ընթացքում (Ադրբեջանի ՄԻՊ–ի հետ–խմբ.), դատական գործընթացների ժամանակ, ինչպես նաև դատապարտվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո», – ասել է Ալիևան։
Նա հայտարարել է, թե այդ հանդիպումների ժամանակ հայ գերիների նկատմամբ որևէ խտականություն չի հայտնաբերվել։
«Ապահովվում է նրանց իրավունքների իրացումը, հեռուստատեսության, գրքերի, ամսագրերի և այլ միջոցների միջոցով տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական և հոգեբանական սպասարկումը», – նշել է Ադրբեջանի օմբուդսմանը։








