Մեդվեդև․ Ուկրաինայում միակ օրինական իշխանությունը խորհրդարանն է
Ուկրաինայում բարձրագույն իշխանությունը փաստացի ոչնչացվել է, իսկ պետական մարմինների մեծ մասը կորցրել է իր լիազորությունները, սակայն խորհրդարանը շարունակում է մնալ օրինական մարմին։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմում ներկայումս բանակցելու համար գրեթե չկա իրավասու սուբյեկտ, քանի որ երկրի պետական մարմինների մեծ մասը, այդ թվում՝ նախագահը, Սահմանադրական դատարանը, կառավարությունը և տարածաշրջանային վարչակազմերը, սպառել են իրենց լիազորությունները։
Մեդվեդևը նաև նշել է, որ «բարձրագույն իշխանությունը, ըստ էության, ոչնչացվել է»։
«Ճիշտ է, կա խորհրդարան, որը ձևականորեն, առնվազն մինչև նոր խորհրդարանի ընտրությունը, պահպանում է իր լիազորությունները։ Հետևաբար, ցանկության դեպքում հնարավոր է գտնել իրավական մեխանիզմ՝ որոշ համաձայնագրեր պաշտոնապես ձևակերպելու համար», — ասել է նա։ Այս մասին հայտնում է TASS-ը:








