Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Եվրոպան ի վիճակի չէ պաշտպանվել առանց ամերիկյան միջուկային վահանի՝ կոչ անելով դադարեցնել ՆԱՏՕ-ի միասնության մասին բանավեճը։
«Ես խորապես հույս ունեմ, որ մենք կավարտենք այս բանավեճը, որ մենք կդադարենք կասկածի տակ դնել ՆԱՏՕ-ի դաշինքը և դրա միասնությունը։ Վաշինգտոնում ոչ ոք դա կասկածի տակ չի դնում։ Առանց ԱՄՆ միջուկային վահանի մենք ի վիճակի չենք պաշտպանվել։ Սա է պարզ իրականությունը», - ասել է նախարարը Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում՝ չհամաձայնվելով հարցազրույց վարողի այն կարծիքի հետ, որ ԱՄՆ-ն աստիճանաբար դուրս է գալիս դաշինքից։
Նախարարը նշել է, որ Եվրոպան պետք է կենտրոնանա պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու իր պարտավորության կատարման վրա։
«Մենք այս մասին համաձայնության եկանք անցյալ տարի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Հաագայում։ Մենք՝ Գերմանիայում, դա իրականացնում ենք», - ընդգծել է քաղաքական գործիչը։








