Պետական վերահսկողական ծառայության վերահսկողության արդյունքում պարզվել է, որ ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման գործընթացում 22 պետական բուհից 17-ում ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4600 ուսանողի վճարումների և տրամադրված փոխհատուցումների հաշվարկման արդյունքում ձևավորվել է շուրջ 400 մլն դրամի գերավճար։
Գերավճարները հիմնականում առաջացել են ուսանողների կրկնակի վճարումների հետևանքով, քանի որ վերջիններս պետության և տարբեր կազմակերպությունների տրամադրած փոխհատուցումների մասին պատշաճ չեն տեղեկացվել։
Ծառայությունը բուհերից պահանջել է միջոցներ ձեռնարկել՝ ուսանողների և շահառու կազմակերպությունների տվյալները ճշգրտելու և գերավճարները վերադարձնելու ուղղությամբ։
Վերահսկողության ավարտի դրությամբ վերադարձվել է շուրջ 153 մլն դրամ, որից 113 մլն դրամը՝ 1094 ուսանողի, 4 մլն դրամը՝ պետությանը, իսկ 36 մլն դրամը՝ ուսանողների ուսման վարձերը բարեգործական հիմունքներով վճարած կազմակերպություններին։
Մնացած գերավճարների վերադարձման և ուսանողների նույնականացման աշխատանքները շարունակվում են։








