Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վերջին օրերին մեզանում կրկին աշխուժացել են քննարկումները այն հարցի շուրջ, թե ովքեր՝ քաղաքական որ ուժերն ու գործիչներն են մեղավոր 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի կործանարար պարտության համար։ Ինչպես միշտ, «նախկիններն» ու «ներկաները», ինչպես նաև նրանց սպասարկող քարոզչական թիմերը միմյանց դեմ առաջ են քաշում հին ու նոր թեզեր ու փաստարկներ, որոնցից շատերն, ի դեպ, իսկապես ճշմարիտ և հիմնավոր են։ Սակայն խնդիրն այն է, որ այդ քննադատությունները միակողմանի են և ծայրաստիճան աչառու։
Իրականությունը հետևյալն է․ Արցախի կործանման համար, բացի արտաքին հզոր ուժերից, պատասխանատու են նաև 1991 թ. ի վեր Հայաստանի բոլոր ղեկավարներն ու նրանց քաղաքական ուժերը՝ յուրաքանչյուրն իր չափով։ Իհարկե, հիմնական մեղավորն է 2018–2025 թթ. գործող կոլաբորանտական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Այդուհանդերձ, ստորեւ ներկայացնում եմ պատերազմի ողբերգական ավարտին հանգեցրած անմիջական ներքին պատճառների այն ցանկը, որը հրապարակել էի ՖԲ-ում 2021 թ. հունվարի 25-ին (հղումը՝ մեկնաբանություններում) և որը դեռևս ամբողջությամբ այժմէական է։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Դեռևս մեկ ամիս առաջ ավելի շատ ինքս ինձ համար պատրաստել էի մի նախնական համառոտ ամփոփում՝ Արցախյան վերջին պատերազմում Հայաստանի պարտության ներքին պատճառների մասին։ Որոշ լրացումներ ու շտկումներ կատարելուց հետո այն ներկայացնում եմ նաև հանրությանը, թեև ցանկն անավարտ է և կարիք ունի հետագա մշակման։ Պարտության արտաքին պատճառներն այս գրության մեջ չեն քննարկվում։
Բազմաթիվ տեղեկությունների և վերլուծությունների հիման վրա կառուցված կանխավարկածս այն է, որ պատերազմն ընթացել է նախապես մանրակրկիտորեն մշակված և ՀՀ ղեկավարության հետ համաձայնեցված սցենարով, որի վերջնարդյունքը պետք է լիներ Շուշիի անկումը, ՀՀ խայտառակ կապիտուլյացիան, նրա կենսունակության և ինքնիշխանության կորուստը, ռուսական զորքի մուտքն Արցախ, Սյունիքի գլխին կախված ադրբեջանա-թուրքական ամենօրյա առարկայական վտանգի մարմնացումը։ Հայկական կողմից այս վերջնարդյունքի ապահովումը կամա թե ակամա կատարել է ՀՀ ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարությունը։ Տարիներ շարունակ իրականացվել են հատուկ քայքայիչ միջոցառումներ, ընդ որում՝ և՛ նախապատերազմյան, և՛ պատերազմյան փուլերում։ Այժմ էլ դրանք չեն դադարել։
ՆԱԽԱՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՓՈՒԼՆ ամբողջությամբ կառավարվում էր դրսից։ Հայաստանի Հանրապետության խամաճիկային ղեկավարությունը տարիներ շարունակ միտումնավոր արհամարհում էր պաշտպանության բնագավառում ակնհայտորեն անհրաժեշտ ռազմական, քաղաքական, տնտեսական ու քարոզչական քայլերն ու միջոցառումները։
Այսպես, ՀՀ դրածո ղեկավարներն ու կառավարությունները մեկը մյուսի հետևից՝
1. մատը մատին չխփեցին պատրաստելու համար բանակային մեծաքանակ պահեստազոր, որը պատերազմի առաջին իսկ 24-48 ժամվա ընթացքում կհամալրեր կանոնավոր բանակի շարքերը։
2. Նրանք չկառուցեցին ժամանակակից և որակյալ ամրաշինություններ ո՛չ արցախյան առաջնագծում, ո՛չ էլ ճակատի և ամբողջ երկրի խորությամբ։
3. Նրանք անտեսեցին թշնամու բանակի նորագույն սպառազինությունների հանրածանոթ ձեռքբերումները և անհրաժեշտ պատասխան քայլեր չձեռնարկեցին՝ պատճառ բռնելով ֆինանսական միջոցների անբավարարությունը։
4. Նրանք տարիներով դիտավորյալ տապալեցին հայրենական ռազմական արդյունաբերության ստեղծումն ու զարգացումը։
5. Նրանք հանցավոր կերպով աչք փակեցին ոչ միայն Թուրքիայի կատաղի հակահայկական թշնամական քաղաքականության, այլև նախապատրաստվող ադրբեջանական ներխուժմանը թուրքական բանակի անմիջական մասնակցության հնարավորության վրա։
6. Հայկական բանակի սպայական կազմին, դիվանագիտական կորպուսին ու պետծառայողներին երբեք չբացատրեցին ազատագրված տարածքի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի կենսական ռազմավարական կարևորությունը։ Չպահանջեցին հանրության այդ վերնախավային շերտերից իրենց բոլոր ջանքերն ուղղել հայկական կողմի հողային իրավունքների պաշտպանության վրա։ Փոխարենը՝ նրանց բոլորին ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՄՇՏԱՊԵՍ քարոզվում էին «փոխզիջումային» լուծումներ, որոնցով նախատեսվում էր միակողմանիորեն Ադրբեջանին հանձնել ՀՀ ռազմական ու ռազմավարական անվտանգության ողնաշարը կազմող 5+2 շրջանները։ Այդ քարոզը, որին լծվել էին նաև պալատական «մտավորականները», համեմվում էր սերժական հայտնի «Աղդամը մեր հայրենիքը չէ» ու նմանատիպ կապիտուլյանտական թեզերով։
7. Նրանք չկազմակերպեցին հայահավաք՝ զարկ չտվեցին հայրենադարձությանը, որպեսզի նաև, ամեն ինչից զատ, անհրաժեշտ պահին Հայկական բանակն ունենար բավարար քանակությամբ մարդուժ։ Ընդհակառակը՝ պետական ամենաբարձր մակարդակով խրախուսվեց ու հայկական հեռուստաալիքներով տասնամյակներով քարոզվեց արտագաղթը, ներառյալ այն (ինքնա)խաբուսիկ դրույթը, թե հայրենիքին իբր կարելի է «դրսից ավելի արդյունավետորեն օգնել»։
8. Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն 2008-2009 թթ. թուրք ցեղասպանների հետ վարեցին այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը» ու ստորագրեցին ՀՀ առաջին կապիտուլյացիան՝ ստորացուցիչ հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ՎԱՐԺԵՑՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ընդդեմ ազգային շահերի։ Այդ դավաճանությունն էլ հող նախապատրաստեց 2020 թ. արցախյան դավաճանական կապիտուլյացիայի համար (ահա այդ տարիներին իմ բազմաթիվ քննադատական նյութերից ընդամենը մեկը, որտեղ նշվում են Թուրքիայի հետ կեղծ-նժդեհականների սիրախաղի կործանարար հետևանքները՝ http://blog.ararat-center.org/?p=380)։
9. Վերջին երկուսուկես տասնամյակում ՀՀ խամաճիկային քաղաքական ղեկավարությունն այդպես էլ չըմբռնեց ազատագրված հողի կենսական արժեքն ու նշանակությունը հայոց ազգ-պետության գոյակերտման ու գոյատևման համար՝ երբեք չորդեգրելով ամեն գնով այդ կենսատարածքը պաշտպանելու և վերաբնակեցնելու հետևողական քաղաքականություն։
ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՎ ԲՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ փաշինյանական խունտայի դավաճանական քայլերի, միջոցառումների և հանցավոր անգործունեության թվին պետք է դասել հետևյալ գործողությունները.
1) Նախապատերազմական փուլում փաշինյանական խունտան ամեն ինչ արեց հասարակության ուշադրությունը երկրորդական ու երրորդական հարցերի վրա շեղելու, ներհայկական պառակտումներ առաջացնելու և եղածներն էլ սրելու ուղղությամբ։
2) Խունտան լիովին քայքայեց ՀՀ ազգային անվտանգության առանց այն էլ տկար ու խոցելի համակարգը։ Մասնավորապես, կանխամտածված կերպով գրեթե լիովին չեզոքացվեց ԱԱԾ գործունեությունը՝ այդ ծառայությունն ամբողջությամբ ոստիկանական գործառույթների կատարմանն ուղղելու և նրա ղեկավար կազմում հաճախակի փոփոխություններ կատարելու միջոցով։
3) Նոր և նորագույն անհրաժեշտ սպառազինությունների փոխարեն ՀՀ բյուջեի սուղ միջոցներով խունտան կատարեց ֆիզիկապես ու բարոյապես մաշված, մեր պայմանների ու կարիքների համար անպիտան կամ ուղղակիորեն խոտան զինատեսակների ու զինամթերքի մեծածախս գնումներ (դրա վառ օրինակն են պատերազմի ժամանակ չգործած ՍՈՒ-30-ններն ու Հորդանանից բերված ՀՕՊ հնացած համակարգերը)։
4) ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարության կազմում իրականացված կադրային ջարդը, լայնածավալ ու հաճախակի փոփոխություններն զորքերի ընդհանուր կառավարման մեջ առաջացրեցին խառնաշփոթություն, անկազմակերպվածություն և կարգապահության անկում։
5) Տեղեկություններ կան նաև առ այն, որ պատերազմից ընդամենը 2-3 օր առաջ ՊԲ հրամկազմի միջին օղակներում ծառայող մի քանի տասնյակ փորձառու սպաներ, առանց որևէ պատճառաբանության, հրաման են ստացել շտապ հրաժարականի դիմում գրել ու լքել բանակը (https://www.youtube.com/watch?v=Vg69FdMyAKI)։
6) Թշնամու մոտալուտ անխուսափելի հարձակման մասին հավաստիորեն տեղեկանալուց հետո նրան կանխարգելիչ (превентивный) կամ կանխահարձակ (упреждающий) հարված չհասցվեց։ Այնինչ այդպիսով ադրբեջանական բանակին պետք էր զրկել առաջին հարված հասցնելու մեծ առավելությունից՝ առաջացնելով նրա շարքերում շփոթմունք և անվստահություն։ Ըստ ԱՀ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի, ադրբեջանական հարձակման միայն առաջին 15 րոպեում ոչնչացվել են Արցախի Պաշտպանության Բանակի ՀՕՊ-ի կեսը և հրետանու 40 տոկոսը։ Հայկական բանակի կանխահարձակ հարվածը կկանխեր այդ վիթխարի կորուստները և նախաձեռնությունը թեկուզ ժամանակավորապես կանցներ մեր ձեռքը։ Նկատենք, որ կանխարգելիչ հարվածի հույժ կարևորությունն արտաքուստ ճանաչվել և ընդունվել էր ՀՀ պաշտպանական նոր՝ «տոնոյանական» դոկտրինում, սակայն վճռորոշ պահին այդ հանձնառությունը դավաճանաբար դրժվել էր։
7) Պատերազմի ժամանակ ՀՀ տարածքում չանցկացվեց համընդհանուր զորահավաք, ըստ այդմ՝ բանակը չստացավ անհրաժեշտ քանակի մարդուժ։
Ավելին, տապալվեց նաև Արցախում համընդհանուր զորահավաքի կազմակերպումը, որովհետև պատերազմի ամենաառաջին օրերից թույլ տրվեց, որպեսզի հազարավոր չափահաս տղամարդիկ հեռանան ՀՀ։
9) ՀՀ տնտեսությունն ու ամբողջ կենսագործունեությունը չդրվեցին ռազմական շավիղների վրա՝ դրանով իսկ երկիրն ու ազգաբնակչությունը չնախապատրաստվեց ավելի երկարատև պատերազմի։
10) Պատերազմի ժամանակ խափանված էր նաև հրամանատարական ուղղահայացը։ Միմյանց հակասող ու խառը հրամաններ արձակողների շրջանակն անհեթեթորեն լայն էր։ Հրամաններ էին արձակում ռազմական և քաղաքացիական իշխանությունների զանազան բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ռազմական հարցերում անմեղսունակ ՀՀ վարչապետն ու նրա տիկինը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, Արցախի Հանրապետության նախագահը, ՊԲ հրամանատարը, ոչ պաշտոնական ռազմական գործիչները, ԱՀ վարչական շրջանների ղեկավարները և այլոք։
11) Բանակային պահեստազոր կազմավորելու փոխարեն կուսակցական ու տեղական կառավարման մարմինների հիման վրա կամավորական ջոկատներ ստեղծելու փաշինյանական խունտայի հոկտեմբերի 21-ի կոչն ու այդ ուղղությամբ ձեռնարկված հետագա ցնորական «ջանքերը» (օրինակ, «Էռատո», Հայկ Մարությանի, Գագիկ Ծառուկյանի և այլ ցուցադրական ջոկատների ստեղծումը) պետք է գնահատել որպես արհեստական խառնաշփոթ ստեղծելու և ճակատը քայքայելու բացահայտ դավաճանական քայլեր։
12) Պահեստազորայիններն ու կամավորականները շատ հաճախ առաջնագիծ էին ուղարկվում անկազմակերպ, անպատրաստ և նույնիսկ անհրամանատար։ Իսկ տեղում նրանք հաճախ զրկված էին հարևան զորամասերի ու ջոկատների հետ կապի միջոցներից ու ռազմական իրավիճակի մասին տարրական պատկերացումներից։
13) Պատշաճ կերպով չկազմակերպվեց Սփյուռքից կամավորականների հավաքագրումը, նրանց Հայաստան ժամանումն ու արդյունավետ ներգրավումը ՀՀ ԶՈՒ կազմի մեջ։
14) Շատ դեպքերում կամավորապես զինկոմիսարիատներ ներկայացած մասնագետ զինվորականներին (որոնց կարիքը բանակը շատ էր զգում) պարզապես տուն են ուղարկել՝ ասելով, թե «հետո կկանչեն»։
15) Հայկական զինանոցում եղած «Իսկանդեր» տիպի հզոր հրթիռային համակարգերն այդպես էլ չօգտագործվեցին։ Մասնավորապես, դրանց միջոցով հարվածներ չհասցվեցին թշնամու օդանավակայաններին ու հրամանատարական կետերին՝ թույլ տալով, որպեսզի նա երկնքում բացարձակ տիրապետություն հաստատի։
16) Համարժեք պատասխան չտրվեց Ստեփանակերտի, Շուշիի, Արցախի մյուս բնակավայրերի ռմբակոծմանն ու հրթիռակոծմանը։
17) Ռազմավարական, քաղաքական ու խորհրդանշական մեծ նշանակություն ունեցող մի շարք բնակավայրերից հայկական զորքերը դուրս եկան վերևից իջեցված հանցավոր հրամաններով։ Այդ եղանակով են թշնամուն հանձնվել, մասնավորապես, Հադրութը, Քարինտակը և Շուշին։ Ավելին, հետագայում հայկական ստորաբաժանումներին թույլ չի տրվել գրոհել ու հետ վերցնել այդ բնակավայրերը (Հադրութի դավաճանության մասին տե՛ս, մասնավորապես, https://www.aravot.am/2020/12/03/1156564/; https://www.aravot.am/2020/12/15/1159291/;
Քարինտակի և Շուշիի հանձնման մասին՝ https://news.am/arm/news/614232.html; https://168.am/2021/01/17/1445806.html)։
18) Հայկական հրամանատարությունը, փաստորեն, չձեռնարկեց հակահարձակողական որևէ խոշոր գործողություն՝ նախաձեռնությունը կամովին և ամբողջովին հանձնելով թշնամուն։ Մինչդեռ հակահարձակումներ կազմակերպելու համար քանիցս առկա են եղել միանգամայն լուրջ հիմքեր ու բավարար պայմաններ։
19) Պատերազմի ընթացքի մասին ՀՀ պաշտոնական լրատվամիջոցներով մատուցվող տոտալ ապատեղեկատվությունը՝ ամպագորգոռ «Հաղթելու ենք» բացականչություններով ու ժողովրդի գլխի տակ այլ փափուկ բարձեր դնելով, թույլ չտվեց հասարակության առողջ ուժերին ժամանակին հասկանալ իրավիճակի ծայրահեղ վտանգավորությունն ու մոտալուտ աղետը կանխելու փորձեր անել։
20) Արցախի անտառալեռնային գոտում, ինչպես նաև բուն բնակավայրերում կարելի էր շատ արդյունավետորեն դիմադրել այն զենքով, որը Հայկական բանակն ուներ, իսկ պակասելու դեպքում այն կարելի էր արագորեն լրացնել։ Խոսքը վերաբերում է փոքր տրամաչափի ականանետներին, հակատանկային և հակաօդային դյուրակիր (այդ թվում՝ նորագույն) համակարգերին («Կորնետ», «Վերբա» և այլն), հաստոցային ավտոմատ նռնականետերին (АГС և այլն), ծանր գնդացիրներին (ДШК և այլն), այլ տեսակի հրազենի։ Այդպես կարելի էր շատ երկար դիմադրել։ Կարելի էր և պետք էր զարկ տալ դիվերսիոն-հետախուզական խմբերի գործունեությանը։ Հոկտեմբերի վերջին թշնամու հարձակողական ռեսուրսներն արդեն սպառվում էին և նա սկսել էր կորցնել իր վստահությունը։ Ուրեմն, պետք էր կռվել մինչև թշնամին կհյուծվեր, այլ ոչ թե հանձնվել այսպիսի աղետալի հետևանքներով։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Ստեփանակերտն իբր կընկներ շրջափակման մեջ ու մեր զորքը կկոտորվեր, ապա դրանք դատարկ խոսակցություններ են։ Թշնամու ամեն քայլին կարելի էր հակադրել սեփական հակաքայլեր, ներառյալ հենց Ստեփանակերտում փողոցային կռիվներ, իսկ ծայրահեղ դեպքում նույնիսկ Ստեփանակերտի հանձնում և կազմակերպված նահանջ։ Բայց երբեք չէր կարելի դիմել ամբողջական կապիտուլյացիայի և ռազմավարական անգնահատելի նշանակություն ունեցող շրջանների՝ Քարվաճառի, Որոտանի (Ղուբաթլու) ու Կովսականի (Զանգելան) հանձնմանը։
Կապիտուլյացիա ստորագրելու փոխարեն պետք էր ընդամենը ճշմարտությունն ասել ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ժողովրդին ոտքի հանել, ոգեշնչել ու կազմակերպել, փոխարինել անգրագետ գեներալներին գրագետներով, դրսից հրավիրել ռազմական խորհրդատուներ և, ամենակարևորը, կռվել մինչև վերջին հնարավորությունը՝ անկախ նրանից, թե Շուշին կամ Ստեփանակերտը կընկնեին թե ոչ։ Նաև անկախ նրանից, թե որքան զոհեր կունենայինք, որովհետև թշնամուն կպատճառվեին ավելի մեծ կորուստներ։ Այդ ժամանակ Շուշին էլ չէր ընկնի կամ արագորեն հետ կգրավվեր, ինչպես մեկ անգամ արդեն հետ էր գրավվել։ Հայաստանն էլ որպես (կիս)անկախ պետություն վերապրելու հնարավորություն կունենար։ Սյունիքն էլ չէր դառնա ծայրաստիճան խոցելի թիրախ։ Հասկացե՛ք, Երևանն էլ եթե ռմբակոծվեր, կռիվը պետք էր շարունակել։ Այդ դեպքում միայն կունենայինք արժանապատիվ խաղաղություն և զարգանալու մեծ ու խոստումնալից հնարավորություններ։
Իսկ այժմ ամեն ինչ պետք է սկսել շատ ավելի ցածր կետից»»։