«Փաստ» օրաթերթը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալ յումինի, ալ յումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզիայի տրամադրման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» նախագիծը։
Ըստ նախագծի հեղինակների, նպատակ ունենալով խթանել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ կառավարության մի շարք որոշումներով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը, ինչը խթան է հանդիսացել տեղում այդ ջարդոնը վերամշակելու համար։ Միևնույն ժամանակ, նպատակ ունենալով խթանել տեղական մետաղական արտադրանքի մշակման խորացումը և ստանալու բարձր ավելացված արժեքով առավել բարդ ապրանքներ՝ «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ186 օրենքի 19.6-րդ հոդվածի 7-11-րդ մասերով՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206, 7207, 7224, 7403, 7601 և 7603 ծածկագրերին դասվող ապրանքների՝ դեպի երրորդ երկրներ արտահանումը համարվել է լիցենզավորվող գործունեություն և սահմանվել է այդ ապրանքների պետական տուրքի դրույքաչափը։
Այս կարգով նախատեսվում է տրամադրել նշված արտահանվող ապրանքների համար հիմնական լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի ընդհանուր քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Նշված ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիցենզիայի միջոցով արտահանել տարբեր խմբաքանակներ։
Այս գործընթացն առաջարկվում է իրականացնել 6 ամիս ժամկետով, քանի որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով սահմանվում է սահմանափակման առավելագույն ժամկետ (6 ամիս): Հաշվի առնելով, որ կառավարության N 795-Ն որոշմամբ սահմանված կարգը գործում է մինչև 2026 թ. հունվարի 2-ը՝ առաջարկվում է նախագծով սահմանել նոր ժամկետ՝ 2026թ. հունվարի 3-ից մինչև 2026 թվականի հուլիսի 3-ը։ Պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում լիցենզիայի ստացման նպատակով պետական տուրքերի վճարման տեսքով։
Այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, որոնց վերամշակումը տեղում կնպաստի առավել բարձրարժեք ապրանքների արտադրությանը և արտահանմանը, իրականացնել սև և գունավոր մետաղներից նոր արտադրությունների կազմակերպման ներդրումային ծրագրեր, արդյունքում կարտադրվի զգալիորեն բարձր ավելացված արժեքով արտադրանք, իրականացնել սև և գունավոր մետաղներից բարդ ապրանքների ներմուծման փոխարինում։