ԱՄՆ-ն, արձագանքելով ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստանի օդային տարածք ներթափանցման փաստին, նախազգուշացրել է Մոսկվային դաշինքի անդամ երկրների տարածքային ամբողջականությունը խախտելու անթույլատրելիության մասին։
Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության պաշտոնական կայքէջը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դորոթի Շին։ «ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին օդային տարածքի այս տագնապալի խախտումների պայմաններում։
ԱՄՆ-ը խորհրդակցում է Լեհաստանի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, և վստահ եղեք, որ մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ»,- նշել է Շին։ Նրա խոսքով՝ անցած չորեքշաբթի Լեհաստանի տարածք ներթափանցել են հենց ռուսական ռազմական անօդաչուներ։