ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Վաշինգտոնում հրեական թանգարանի մոտ Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանությունը, այս մասին հայտնում է The Hill պարբերականը։
«Նրանք արդյունավետ քննարկում են ունեցել։ Նրանք քննարկել են շատ հարցեր, այդ թվում, իհարկե, Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական կրակոցները», - մեջբերում է պարբերականը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքերը։Խոսնակը նաև նշել է, որ Թրամփը «վշտացած և վրդովված է» կրակոցներից՝ նշելով, որ դեսպանատունը նրանց անվանել է «աստղային զույգ»։
Լևիթի խոսքով՝ երկու առաջնորդները նաև քննարկել են Իրանի թեման՝ մայիսի 23-ին Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ։Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Թրամփը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում «խորը ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների՝ Յարոն Լիսչինսկիի և Սառա Լին Միլգրիմի ցնցող սպանության կապակցությամբ»։
«Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին Միացյալ Նահանգներում հակասեմականության դեմ պայքարի նպատակով իր և իր վարչակազմի գործադրած ջանքերի համար», - նշվել է հաղորդագրության մեջ։