Գերմանիայի ոստիկանությունն ուժեղացրել է Վայթերշտադտ քաղաքում անօդաչու սարքեր արտադրող Wingcopter ընկերության տարածքի պահպանությունը։ Նոյեմբերի 28-ին Հարավային Հեսսենի ոստիկանության խոսնակը հաստատել է, որ ձեռնարկվել են լրացուցիչ անվտանգության միջոցներ։ Նրա խոսքով՝ դրանց չի նախորդել որևէ հարձակում։
Գերմանական Bild պարբերականը ոստիկանության ներկայությունը կապում է Ուկրաինայի համար նախատեսված նոր պատվերի հետ։ Նոյեմբերի 24-ին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել էր, որ Բեռլինը շուրջ 34 միլիոն եվրո կհատկացնի Գերմանիայում ուկրաինական BABKA հետախուզական անօդաչուների արտադրությունը կազմակերպելու համար։
Ծրագիրն իրականացնելու են Wingcopter-ի պաշտպանական ստորաբաժանումը և ուկրաինական TAF Industries խմբի Shadow Flytech ընկերությունը։ Նրանց ստեղծած համատեղ ձեռնարկությունը նախատեսում է արտադրել ինչպես ուկրաինական BABKA, այնպես էլ գերմանական Wingcopter 262 անօդաչուներ։ Առաջին մատակարարումները նախատեսված են Ուկրաինայի զինված ուժերի համար։ Արտադրության վայրերը ընկերությունները չեն հրապարակել։








