Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին, «Ցարիցինո» թանգարան-արգելոցի տարածքում հնարավոր զանգվածային զոհերով միջադեպի հավաստի սպառնալիքի մասին։
Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է արել խուսափել թանգարան և հարակից տարածք այցելելուց։
Հոկտեմբերի 31-ին հրապարակված նախազգուշացման մեջ դեսպանությունը հայտնել է, որ ամերիկյան իշխանություններն արձագանքման միջոցառումները համակարգում են Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ։ Ենթադրվող սպառնալիքի մանրամասներն ու դրա հնարավոր բնույթը չեն բացահայտվում։
Դիվանագիտական ներկայացուցչությունը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել չմոտենալ Դոլսկայա փողոց, շենք 1 հասցեում գտնվող թանգարան-արգելոցին, պահպանել զգոնությունը և խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից։ Ամերիկացիներին նաև խորհուրդ է տրվել հետևել տեղական լուրերին, բջջային հեռախոսները լիցքավորված պահել և իրենց մոտ ունենալ անձը հաստատող փաստաթղթեր։
Դեսպանությունը քաղաքացիներին կոչ է արել վերանայել անձնական անվտանգության ապահովման ծրագրերը և գրանցվել Smart Traveler Enrollment Program (STEP) ծրագրում՝ առողջությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների մասին ծանուցումներ ստանալու համար։








