Եմենի հութիները հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին, Դամմամում և Աբհայում գտնվող թագավոր Ֆահդի անվան միջազգային օդանավակայաններին, ինչպես նաև Յանբուում Saudi Aramco նավթային ընկերության օբյեկտին, հաղորդում է El Balad-ը։
Ըստ շարժման հայտարարության՝ վերջին 48 ժամվա ընթացքում իրականացվել է չորս ռազմական գործողություն՝ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։
Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ բոլոր չորս հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Նրա տվյալներով՝ թագավոր Ֆահդի անվան օդանավակայանին հասցված հարվածը հանգեցրել է ավիահաղորդակցության խափանման, իսկ Յանբուում Saudi Aramco-ի օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Հարձակումների հայտարարված արդյունքների մասին անկախ հաստատում առայժմ չկա։
Իր հերթին, Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչ Թուրքի ալ-Մալիքին հայտնել է Էր Ռիադի և Մեդինայի շրջանների օդային տարածքում չորս անօդաչու թռչող սարքերի կալանման և ոչնչացման մասին։ Սաուդյան իշխանություններն առայժմ չեն հաստատել պաշտպանության նախարարության շենքը հաջողությամբ խոցելու մասին հութիների հայտարարությունները։
Սրացումն ընթանում է հութիների՝ սաուդյան ենթակառուցվածքների վրա հարձակումների ընդլայնման հետնապատկերին։ Ավելի վաղ շարժումը հայտարարել էր թագավորության օդանավակայաններին և նավթարդյունաբերական օբյեկտներին հասցված հարվածների մասին։
Հութիները իրենց գործողությունները բացատրում են Եմենում իրենց դեմ կռվող ուժերին Սաուդյան Արաբիայի ցուցաբերած աջակցությամբ։








