Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի և անկարգությունների վերաբերյալ ֆրանսիացիներին ուղղված հեռուստաուղերձում ընդունել է կյանքի արժեքի և վառելիքի գների պահանջների արդարացիությունը:
Ստեղծված իրավիճակը նա կապել է Պարսից ծոցի հակամարտության հետ, «որին Ֆրանսիան չի մասնակցում», բայց որի հետևանքներն ազդում են ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ եվրոպական մյուս երկրների վրա։Մակրոնը վստահեցրել է, որ «կառավարությունն անում է առավելագույնը՝ լուծելու գնողունակության այս հիմնարար հարցը»։
Ըստ վերջին տեղեկությունների՝ վարչապետ Լըկորնյուն հանձնարարել է պրեֆեկտներին տեղական մակարդակով սահմանափակ պարետային ժամ սահմանել։
Ֆրանսիայի ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ քաղաքական կուսակցությունների առաջնորդներ Մարին Լը Պենը և Ժան-Լյուկ Մելանշոնը նշել են Ֆրանսիայում ջարդերի և թալանի տարբեր պատճառներ։
Ազգայնական «Ազգային միավորում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լը Պենը հեռուստաուղերձում խոսել է «խոր ճգնաժամի» մասին, որը «սպառնալիք է ներկայացնում ժողովրդավարությանը»։ Նա դատապարտել է Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում անկարգությունների ժամանակ կատարված ավերածություններն ու թալանը, որոնք, ըստ նրա իրականացրել են «արվարձաններից եկած քաղաքականացված ջարդարարները»։
Ծայրահեղ ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության հիմնադիր, նաև նախագահի թեկնածու Մելանշոնը մեղադրել է կառավարությանը ոչ պրոֆեսիոնալիզմի համար, քանի որ, նրա կարծիքով, իշխանությունները չեն կարողացել կանխատեսել անկարգություններն ու վանդալիզմի հնարավոր գործողությունները:
Ֆրանսիայի իրադարձություններին է անդրադարձել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հայտարարել է, որ Ֆրանսիայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները ցույց են տալիս, որ ներգաղթի իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և կոչ է արել փակել սահմաններն անօրինական ներգաղթյալների համար։








