Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը (YAP) դժգոհություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություններից։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ կուսակցության մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, այդ թվում՝ իշխող կուսակցությանն աջակցող հարթակներում, երկար ժամանակ Ադրբեջանի մասին տարածվում են, իրենց բնորոշմամբ, կեղծ և զրպարտչական տեղեկություններ։
Կուսակցությունը հատկապես անընդունելի է համարել Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների շուրջ մեկնաբանությունները։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Բաքուն Իսրայելի հետ հարաբերությունները պահպանում է միջազգային իրավունքի և փոխադարձ շահերի հիման վրա։ Միաժամանակ YAP-ը պնդել է, որ Ադրբեջանը հետևողականորեն աջակցում է Պաղեստինի ժողովրդի իրավունքներին և հանդես է գալիս երկու պետությունների սկզբունքի հիման վրա հակամարտության կարգավորման օգտին։
«Շատ ցավալի է, որ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները պոպուլիստական և անպատասխանատու հայտարարություն են արել ՝ հաշվի չառնելով հարցի էությունը, Ադրբեջանի սահմանադրական կարգը և մեր երկրում կրոնի ազատության իրավական հիմքերը։ Նման հայտարարությունները հակասում են ադրբեջանա–թուրքական եղբայրական հարաբերությունների ոգուն և կարող են ծառայել հասարակական առումով արհեստական լարվածության ստեղծմանը։
Ադրբեջանի ժողովուրդը պատմության ընթացքում մեծ հարգանքով է վերաբերվել իր ազգային-հոգևոր և կրոնական արժեքներին: Մեր երկրում կրոնի ազատությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ: Ադրբեջանի հանրապետությունը հավասարապես է վերաբերվում բոլոր կրոնների ներկայացուցիչներին և կրոնական բազմազանությունը համարում է մեր հասարակության հարստությունը»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը չի նշանակում, թե մի պետությունն իրավունք ունի միջամտելու մյուսի ներքին գործերին։ YAP-ը Թուրքիայի իշխող կուսակցությանը կոչ է արել հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը և զերծ մնալ քայլերից, որոնք կարող են վնասել երկու երկրների հարաբերություններին։








