Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուսաստանցի լրագրողներ և քաղաքական մեկնաբաններ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։ Կնյազևը «Մոսկվա 24» հեռուստաալիքի լրագրող և հաղորդավար է, Ուրալովը ներկայանում է որպես քաղաքական խորհրդատու և մեդիա փորձագետ, իսկ Չադաևը ՌԴ տրանսպորտի նախարարի խորհրդական, հեռուստալրագրող և թղթակից։
Ըստ Ադրբեջանի դատախազության՝ նրանք հաղորդումների ընթացքում կոչեր են հնչեցրել Ադրբեջանի սահմանադրական կարգը և տարածքային ամբողջականությունը բռնի կերպով փոխելու, ինչպես նաև ազգային ատելություն հրահրելու և ահաբեկչության վերաբերյալ։
Երեք անձանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։ Նրանց նկատմամբ հեռակա կարգով կալանավորում է կիրառվել, և նրանց նկատմամբ միջազգային հետախուզմում է հայտարարվել։ Ադրբեջանի դատախազությունը միջազգային գործընկերներին դիմել է նրանց հանձնելու հարցում աջակցելու խնդրանքով։








