Էներգահամակարգում առաջացած վթարային իրավիճակի պատճառով Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ժամանակավորապես դադարեցվել է էլեկտրամատակարարումը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հայտնում են, որ համակարգի օպերատորի կողմից կիրառվել են դիսպետչերական սահմանափակումներ՝ արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած խնդրի պատճառով։
ՀԷՑ-ի փոխանցմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումների և համակարգի օպերատորի մասնագետները իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս արագ վերականգնելու համար։
Ընկերությունը բաժանորդներից ներողություն է խնդրել պատճառված անհարմարությունների համար։








