Չորեքշաբթի օրը Սուդանի Հյուսիսային Կորդոֆան նահանգի Շարշար գյուղի վրա ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչ, հինգշաբթի օրը հաղորդել է «Դաբանգա» ռադիոն՝ հղում անելով ականատեսներին և մարդու իրավունքների պաշտպաններին։
Նրանց խոսքով՝ ավիահարվածը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Բարա քաղաքից արևմուտք գտնվող գյուղում։ «Դարֆուրի զոհերի պաշտպանության համար» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են եղել։ Ականատեսները պնդում են, որ Շարշարը ռմբակոծվել է Սուդանի զինված ուժերի կողմից։
Այս տեղեկատվության անկախ հաստատում չկա։ Սուդանի բանակը դեռևս չի մեկնաբանել ավիահարվածի մասին հաղորդագրությունը։








