Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին և կառավարությանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության մեջ Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար։ «Իրաքի մուսուլման ժողովուրդը քաջաբար աջակցեց Իրանին այս անարդար պատերազմում:
Այս դիմադրությունը պայմանավորված չէ աշխարհագրական սահմանափակումներով, այլ ընդհանուր պատմությամբ, ինքնությամբ և կրոնական արժեքներով: Ես սեղմում եմ իրաքցի ժողովրդի, պաշտոնյաների և մարտիկների ձեռքը», - գրել է նա X-ում։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ: Իրանի խոշոր քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը, հարձակման ենթարկվեցին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա: Հարվածներ հասան նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին:








