Մինչ թուրքական մամուլում տարածվում են լուրեր, որ Թուրքիայի և Իսրայելի միջև Պաղեստինի Գազայի հատվածում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում և Սև ծովում մրցակցությունն ավելի է սրվել և երկու կողմերն արդեն ավելի ագրեսիվ են դարձել միմյանց նկատմամբ, Նյու Յորքում Իսրայելի գլխավոր հյուպատոսը Թուրքիային թիրախավորող հայտարարություններ է անում:
Օֆիր Ակունիսը, անդրադառնալով Թել Ավիվի Սիրիայում և Գազայում ունեցած ծրագրերին, այդ հատվածում զինվորներ տեղակայելու Թուրքիայի ցանկությանը, ինչպես նաև Սիրիան ապառազմականացնելու Իսրայելի մտադրություններին, Թուրքիային որակել է թշնամի պետություն. «Թուրքիան Իսրայելի թշնամին է»:
Հավելենք, որ Սիրիայում հեղափոխությունից և Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո Թուրքիան սերտ տնտեսական և քաղաքական կապեր է հաստատել Դամասկոսի հետ, ինչպես նաև ցանկանում է ռազմական ներկայություն ունենալ Գազայում՝ ներգրավվելով միջազգային խաղաղապահ խմբի կազմում: Թուրքիայի նման մտադրություններին Իսրայելը կտրականապես դեմ է արտահայտվում, իսկ ԱՄՆ-ն հակառակը՝ փորձում փափկեցնել Թել Ավիվի բիրտ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ:








