Երկրորդ մեղադրանքն է առաջադրվել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին՝ Նիկոլ Փաշինյանին հարցազրույցներից մեկում «միապետ» անվանելու համար։ Այս մասին Euromedia24-ին հայտնել է նրա պաշտպան Հովհաննես Ղարքաքեշիշյանը՝ նշելով, որ մեղադրանքը վերաբերում է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին՝ իշխանություն զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ իշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու վերաբերյալ։
Ղարաքեշիշյանը նշել է, որ դեռ չի ծանոթացել մեղադրանքի մանրամասներին և պարզ չէ, թե հարցազրույցի որ հատվածում են իրավապահները տեսել իշխանության զավթման կոչ։
Նրա խոսքով՝ սա խոսքի ազատության սահմանափակում է։ Այսպիսով պարզ է դառնում, որ քաղաքական արտահայտությունները սկսել են դառնալ դատապարտելի։
Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին դատարանը որոշում էր կայացրել Վարդան Ղուկասյանին երկու ամսով կալանավորելու մասին։ Նույն օրը կալանավորվել էին նաև նրա հետ դատարան ուղարկված մի քանի աշխատակիցներ և աջակիցներ։ Բացի այդ, Գյումրու հրապարակում նրա ձերբակալության դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակից 15 քաղաքացիներ ևս կալանավորվեցին։








