Հայաստանի իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով գերազանցում են իրենց լիազորությունները. եկեղեցին օրենքով առանձնացված է պետությունից, հայ ժողովուրդը եկեղեցուն վերաբերվում է մեծ հարգանքով և վարչապետ Նիկոլ Փաշինյանին լիազորություն չի տվել բարեփոխել եկեղեցին իր հայեցողությամբ։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը:
«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարը որոշել է անհավասար պայքարի մեջ մտնել ազգային հոգևոր արժեքների դեմ և այդ նպատակով հետապնդում և վիրավորում է եկեղեցու առաջնորդներին ու հոգևորականներին, ձերբակալություններ անում, եկեղեցու շենքերի առգրավման սպառնալիքներ հնչեցնում: Հնարավոր է, որ դա տեղի է ունենում արտաքին ուժերի ազդեցության տակ, քանի որ նման գաղափարներն ակնհայտորեն չեն արտացոլում հայ ժողովրդի զգացմունքները, որը մեծ հարգանքով է վերաբերվում իր եկեղեցուն և Փաշինյանին լիազորություն չի տվել այն բարեփոխելու սեփական կամայականությամբ», - ասել է Բալաշովը։
Նա հավելել է, որ աշխարհիկ պետության քաղաքական գործիչն իրավունք չունի միջամտել եկեղեցական կարգին, որը որոշվում է հենց եկեղեցու կանոնական դրույթներով։ Առավել ևս, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը՝ ընդգծելով, որ դրանք օժտված են ինքնավարությամբ և պետությունից անջատ են:
«Այսպիսով, վարչապետը նման արտահայտություններով խախտում է իր սահմանադրական լիազորությունները՝ թույլ տալով վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ եկեղեցական առաջնորդների հասցեին», - ընդգծել է պատրիարքի խորհրդականը:








