Նեպալի Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկին սեպտեմբերի 12-ի երեկոյան պաշտոնապես ստանձնել է Կառավարության ժամանակավոր ղեկավարի պաշտոնը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Կարկիի թեկնածությունն առաջադրել են ցուցարարները։ Hindustan Times-ի բնութագրմամբ՝ նա հայտնի է որպես կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարող գործիչ, ինչը նրան մեծ հեղինակություն է բերել հատկապես երիտասարդների շրջանում, որոնք հանդիսանում են բողոքի շարժման հիմնական ուժը։
Բողոքի ցույցերը Նեպալում սկսվել են սեպտեմբերի 8-ին այն բանից հետո, երբ իշխանություններն արգելափակեցին Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը և մի շարք այլ սոցիալական հարթակներ։ Արգելափակման պաշտոնական պատճառաբանությունը եղել է այդ ընկերությունների՝ երկրում գրանցվելու պահանջին չհամաձայնելը։